Պատասխանելով արտասահմանցի լրագրողներից մեկին՝ արդյոք պատրաստվում է պատժել Սերժ Սարգսյանին, պիջակ կրել ու սափրվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ ես միշտ այսպիսին եմ եղել: Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, որ մարտի երեսունմեկին ճանապարհ ընկա Գյումրիի… Դա դժվար էր պիջակով անել, մենք անընդհատ փողոցում էինք, եւ դեռեւս փողոցում ենք, հետեւաբար պետք է համապատասխան հագուստ կրենք: Այնպես որ, պիջակ կրելու հետ կապված սկզբունքի հարց չկա»:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին նա հավելեց, որ բնականաբար ունի քաղաքական գնահատականներ, բայց գիտակցում է, որ գոյություն ունի հարյուր տոկոսանոց անմեղության կանխավարկած՝ նույնպես. «Կարեւոր է մի հանգամանք, որ մարտի մեկի սպանությունները պետք է բացահայտվեն: Ես դատախազ չեմ, ես չպետք է ասեմ, թե ով է մեղավոր կամ ում անմեղությունն է բացահայտվելու»:
Հարցրին՝ ո՞վ կհայտնվի կառավարության կազմում, Փաշինյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված կլինի կոնկրետ քաղաքական իրավիճակից, ասաց նաեւ, որ իրենց շարժման մեջ կան բավականին թվով անձինք, որոնք կարող են իրենց վրա նման պարտավորություն վերցնել:
«Մենք քաղաքականություն փողոցից չենք մտել, եթե կա թիմ, որ կարող է նման բան անել (նկատի ունի վարչապետի հրաժարականի պահանջին հասնելը-Գ.Հ), ուրեմն կարող է նաեւ պետություն կառավարել»,-ասաց բանախոսը, ապա շեշտեց, որ կարեւորում է մեկ ամսվա ընթացքում ընտրությունների անցկացումը:
«Անցյալ տարվա ընտրություններից հետո պնդում էինք, որ ընտրական գործընթացն անօրինական էր, տեղի էր ունեցել ձայների վաճառք, որը հանցագործություն էր հայոց պետականության դեմ, ՀՀԿ-ի ձայների իննսուն տոկոսը գնված էր: Հայ ժողովրդի ազատ կամարտահայտություն տեղի չէր ունեցել»,- նշեց Փաշինյանը:
Հարցին՝ ինչպես կվարվի, եթե ՀՀԿ-ն հրաժարվի կատարել իրենց պահանջները, նա պատասխանեց. «Եթե կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, կկարողանանք հասնել նրան, որ ՀՀԿ-ն հնազանդվի ժողովրդի կամքին, այլապես մենք կշարունակենք մեր գործողությունները ավելի մեծ ծավալով: Թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր ողջ օրակարգի իրացմանը: Հրաժարականի կետը կատարված է, երկրորդը ժողովրդի թեկնածուի նշանակումն է վարչապետի պաշտոնում, հնարավոր է, որ դա ես կլինեմ, երրորդը՝ ժամանակավոր կառավարության կազմումն է, եւ չորրորդը՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ համար մոդել, որին արժե հետեւել, դա Նելոսն Մանդելան է, իսկ որպես վառ անհատականություն՝ Չե Գեւարան, ինձ համեմատում են Գանդիի հետ, ինչը շատ հաճելի է… Մեր գործընթացի համար ամենակարեւոր դետալը երկրում նախ եւ առաջ միջավայրի փոփոխությունն է, շատ կարեւոր է, որ վերականգնվի դրական միջավայրը Հայաստանում, որը բազմաթիվ տարիներ բացակայում է: Ես կարծում եմ, որ առաջինը, որ կարողացանք, շարժման միջոցով ընկճվածության մթնոլորտի հաղթահարումն է: Դա նման է այն փոփոխություններին, որ տեղի ունեցավ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելայի հաղթանակից հետո»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ