Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք ոչ արեւմտամետ ենք, ոչ ռուսամետ, ոչ էլ իրանամետ»

Ապրիլ 24,2018 21:55

Արտասահմանյան լրատվամիջոցների համար կայացած ասուլիսում պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայկական իշխանությունները միշտ այս հարցին միատեսակ են պատասխանել՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները շատ կարեւոր են: Կասկած չկա, որ մենք եղբայրական պետություններ ենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Մենք պետք լուծենք խնդիրները բանակցությունների միջոցով»:

Անսալով լրագրողի խնդրանքին՝ թվարկել այդ խնդիրներից մի քանիսը՝ ընդդիմադիր առաջնորդն ասաց, որ դրանք կապված են տարածաշրջանի հետ, Ռուսաստանում՝ ՀՀ քաղաքացիների շահերի հետ, հայկական վարորդական վկայականների հետ: «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հետ կապված խնդիր կա, ինչի արդյունքում խախտվել է ուժերի հավասարակշռությունը, եւ ՌԴ-ն զենք վաճառելով Ադրբեջանին՝ նպաստել է դրան: Չնայած սրան՝ ամեն դեպքում կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պետք է պարզապես համբերատար լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասնելով ասվածը, թե ինչ հնարավոր սպառնալիքներ կարող են լինել, երբ ասում է, որ ոչ ոք չի կարող ժողովրդի ձեռքից խլել հեղափոխության արդյունքում ձեռք բերված հաղթանակը, բանախոսը նշեց, որ բնակչության իննսուն տոկոսը աջակցում է իրենց, չկա երկու կողմ, որ գոյություն ունենա բախում. «Հայկական թավշյա, ժողովրդական հեղափոխությունը փաստ է, իսկ սպառնալիք ասելով ես սպառնալիքներ ասելով նկատի ունեի ՀՀԿ-ին»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետը պետք է լինի ժողովրդի թեկնածուն. «Ոչ ոք ՀՀԿ-ից չի լինելու վարչապետ, վարչապետը լինելու է ժողովրդի թեկնածուն, դա կկազմակերպենք հրապարակում, ժողովուրդը կհաստատի իր ձայնով»:

Նա հավելեց, որ պատրաստ է բոլորի հետ քննարկել ընթացիկ գործընթացները, որպեսզի լինի իշխանության փոխանցում առանց ցնցումների, եւ այն բոլոր ուժերի հետ, որ պատրաստ են աջակցել դրան, իրենք պատրաստ ենք երկխոսել, որպեսզի ժողովրդի հաղթանակը տրամաբանական ավարտի հասնի. «Դա նշանակում է, որ հեղափոխության թեկնածուն պետք է դառնա Հայաստանի վարչապետ»:

Հայաստանյան ընտրություններին էլ անդրադարձ եղավ. «Երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, հասկանում եմ, որ դա հնարավորություն է՝ ընտրել իշխանությանը եւ հետ կանչել ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Այսօր ոչ ոք չի հավատում ընտրությունների արդյունքներին, Հայաստանում մեծամասնությունը համոզված է, որ անկախ Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծված են եղել: Երբեք չի եղել, որ որեւէ ընդդիմադիր ուժ իշխանության գա ընտրությունների միջոցով… Մենք ստիպեցինք Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, ստիպելու ենք, որ ՀՀԿ-ական մեծամասնությունն էլ հրաժարական տա»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրվի, բանախոսը բացասական պատասխան տվեց:

Նաեւ նորից կրկնեց, որ իր ձեւակերպմամբ, վենդետա չի լինելու նախկինների հանդեպ. «Արդեն ասել եմ, որ վենդետա չի լինելու եւ լինելու է օրինականություն, որը նախատեսում է պատիժ մեղավորների համար: Բայց պետք է հարգել անմեղության կանխավարկածը՝ քաղաքական հակառակորդների համար: Մենք կարող ենք շատ բան մտածել, բայց մտածելը մի բան է, ապացուցելը այլ բան: Դատապարտվելու են միայն նրանք, ում մեղավորությունն ամբողջությամբ ապացուցված է: Որ ոք չպետք է ապացուցի իր անմեղությունը»:

Իրանական լրատվամիջոցից Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցին էլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Մենք ոչ արեւմտամետ ենք, ոչ ռուսամետ, ոչ էլ իրանամետ: Մենք ելնում ենք ՀՀ շահերից: Բնականաբար չափազանց բարձր ենք գնահատում հարաբերությունները՝ ՀՀ-ԵՄ, ՀՀ-Իրան, հայ-ամերիկյան եւ այլ երկրների հետ: Պատրաստվում ենք խորապես զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, մեր թիմի ծրագրերում Իրանը առանցքային նշանակություն ունի: Մենք պատրաստվում ենք խորացնել մեր հարաբերությունները նաեւ Վրաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու բոլորի հետ, բայց դա չի լինելու մեկ այլ ուղղության հաշվին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30