Ապրիլի 22-ին՝ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի բերման ենթարկվելու օրը, ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաեւ Media.am-ի լրագրող Գայանե Ասրյանի աշխատանքը։
Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ նա հարված է ստացել սեւ դիմակով ոստիկանից։
«Ձեռքս տարավ հետեւի կողմ ու իր արմունկով հարվածեց մեջքիս, հետո իմ շորերից բռնելով՝ տարավ դեպի ոստիկանական պատ, ես ասում էի՝ լրագրող եմ, բայց նա ինձ չէր լսում»,- պատմեց լրագրողը:
Ավելի ուշ, երբ հասել է ոստիկանական պատին, ոստիկաններից մեկը նրան հայտնել է, որ լրագրողներին այդ տարածքից հեռացնելու հրաման կա, թե ինչ պատճառով, լրագրողին չեն հայտնել:
Գայանե Ասրյանի խոսքով, լրագրողներին հեռացնելու պատճառը մեկն էր՝ նշված տարածքում ոստիկանները պատրաստվում էին հատուկ գործողություններ կատարել, իսկ ցուցարարներին ցրելուց հետո ոստիկանները լրագրողների գործունեությանը չեն խոչընդոտել:
Լրագրողը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ