«Երբ էյֆորիան անցնի, գալու է առօրյան: Եվ որպեսզի այդ առօրյան լինի այն, ինչի համար պայքարեց և հաղթեց անկախության սերունդը, անհրաժեշտ են, որպեսզի վաղվա բանակցություններն անցնեն ոչ թե շոուի, այլ քաղաքական ձեւաչափով: Չեմ կասկածում, որ եթե, գրեթե. անվերահսկելի իրավիճակում, երբ երկխոսությունը տապալվել էր, իսկ Նիկոլ Փաշինյանին ձերբակալել էին, Կարեն Կարապետյանը գտավ ճիշտ ելքը, և քայլ արեց դեպի, արդեն անհավանական թվացող, երկրորդ երկխոսություն: Համոզված եմ, որ հիմա շատ-շատերը ոգևորված մտածում են յուրաքանչյուրն իր անձնական վրեժխնդրության մասին այս կամ այն նախկինից; Բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ վաղը և Նիկոլ Փաշինյանը եւ Կարեն Կարապետյանը կգտնեն այն ճիշտ քաղաքական լուծումը, որը չի հիասթափեցնի ոչ մեկին»,- անդրադառնալով վերջին օրերի զարգացող ներքաղաքական իրադարձություններին՝ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, երիտասարդությունն իր վերջին օրերի պայքարով ապացուցեց, որ 88-ի սերնդի ժամանակաշրջանն անցել է, գալիս է իրենց ժամանակը. «Ես հուսով եմ, որ վաղվա բանակցությունները եւ հետագա գործընթացները կտանեն նրան, որ այս սերունդը չի հիասթափվի: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ չկոտրեցին այս սերնդին, բայց կարեւոր է նաեւ չհիասթափեցնել այդ սերնդին: Որովհետեւ այդ սերունդը կամ չի ընտրելու մոտակա արտահերթ ընտրություններում, որովհետեւ անչափահաս են, կամ եթե ընտրելու են, իրենց քանակը ընդհանուր ընտրողների մեջ շատ քիչ է լինելու, փաստացի, եթե փողոցում որոշեցին ամեն ինչ, ապա ընտրությունների ժամանակ այդքան շատ բան չեն կարողանալու որոշել…Եթե կա նման ճգնաժամ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: Երբ կլինեն, ոնց կլինեն ու ինչ ձեւաչափով, չեմ կարող ասել, դա վաղվա բանակցությունները ցույց կտան, բայց որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն, գրեթե չեմ կասկածում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ