Այսօր Aravot.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե վաղը Նիկոլ Փաշինյանի հետ Կարեն Կարապետյանի բանակցություններից ինչ ակնկալիքներ ունեն:
Ռուսաստանաբնակ գործարար Վարդան Նադարյանը Հայաստան է եկել՝ աջակցելու Փաշինյանի նախաձեռնությանն ու հեղափոխությանը: Նրա խոսքով՝ «Մենք շատ թանկ ենք վճարել՝ մեր երազած Հայաստանին հասնելու ճանապարհին՝ արտագաղթ, Մարտի 1, քառօրյա պատերազմ, ոչ միայն ֆինանսական, այլ հոգեւոր շատ կորուստներ ենք ունեցել, իսկ այսօր մեր ազգի համար մեծ լույս է բացվել, շատ մեծ հույսեր ունենք: Երկու օր է՝ Հայաստանում եմ՝ այս 25 տարիների ընթացքում նման Հայաստան չեմ տեսել: Մենք լույս ենք տեսնում, հույս ենք տեսնում՝ պայծառ Հայաստան կառուցելու համար»:
Գործարարը հույս ունի, որ Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը վաղը ողջամիտ լուծումներ կգտնեն. «Բոլոր դեպքերում ես Կարեն Կարապետյանին դրական եմ գնահատում, ունի այդ ներուժը, ինքը քայլեր արեց, մենք չպետք է մոռանանք: Օրհասական պահին՝ ճգնաժամին Կարեն Կարապետյանն իր քայլն արեց՝ արյունահեղությունը կանգնացնելու»:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը դիմել էր գլխավոր դատախազին, որպեսզի հետ վերցնի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին կալանավորելու միջնորդությունը եւ լուծումներ գտնելու համար գնացել էր Փաշինյանի հետ հանդիպման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ