Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում պատվիրակների հարցերին պատասխանեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Պատվիրակներից մի քանիսին, մասնավորապես, հետաքրքրում էր ԵԽ գլխավոր քարտուղարի կարծիքը Ռուսաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադարձի մասին, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը կիրառեց քիմիական զենք: Պարոն Յագլանդը պատասխանեց. «Այն, ինչ անում է Ռուսաստանը, անընդունելի է, մասնավորապես այն, որ նա ԵԽԽՎ-ին չի վճարում անդամավճար: Ես այդ մասին հայտարարել եմ նաև նախարարների կոմիտեում: Անդամ պետությունները պետք է իրենց պարտավորությունները կատարեն: Կա նաև օրենք, որն ասում է, եթե անդամ պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, պետք է այդ անդամ երկրի նկատմամբ քայլեր ձեռնարկվեն»:
Պատվիրակներից մեկը շեշտեց՝ սա միայն փողի խնդիր չէ, այլ մարդու իրավունքների և օրենքի գերակայության. «Ես ոչ միայն ուզում եմ Ռուսաստանին բերել այստեղ, այլ այն, որ բոլոր պետությունները հավատարիմ մնան ԵԽԽՎ սկզբունքներին: Եթե երկու տարի չի վճարում անդամավճարը, պետք է կոմիտեն քայլեր ձեռնարկի: Ես խաղում եմ օրենքով: Ռուսաստանը նույն կատեգորիայում է, ինչպես մյուս անդամ երկրները: ՌԴ -ն պարտավոր է իր ներդրումն ունենալ, և պետք է լուծման ճանապարհներ գտնել»:
Պարոն Յագլանդը նաև հիշեց, թե ինչպես է սկսել ադրբեջանական կոռուպցիոն սկանդալները բացահայտել, մասնավորապես այն, որ «Գարդիանում» հոդված է տպագրել, առաջին անգամ կիրառել Կոնվենցիայի 52-րդ հոդվածը: ԵԽ գլխավոր քարտուղարը պատմեց. «Մինչ մենք այդ զեկույցն էինք պատրաստում, այստեղից երեք պատգամավորներ ներգրավված էինք դրանում: Եվ նրանցից մեկին էլ դուք ընտրեցիք քաղաքական խմբի ղեկավար, ընտրեցիք Ագրամունտին, որը մեծ շնաձուկ էր: Երբ ես այս ամենի մասին իմացա, Ագրամունտին ասացի, որ պետք է հետաքննություն սկսել: Ես Ագրամունտին նամակ եմ գրել, նրան զգուշացրել հետաքննական կոմիտե ստեղծել»:
Դառնալով ՌԴ ընտրություններին, մասնավորապես Վլադիմիր Պուտինի շնորհավորելու մասին հարցին, պարոն Յագլանդն ասաց. «ՌԴ-ն անդամ երկիր է, և բնական է, որ Վլադիմիր Պուտինին շնորհավորել եմ ընտրությունների կապակցությամբ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ