Այսօր Ծիծեռնակաբերդում քաղաքացիներից մեկը մի փունջ կակաչ ու յասամանը ձեռքին արգելված տեղից ուզում էր բարձրանալ՝ հարգանքի տուրք մատուցելու: Այն դեպքում, երբ քաղաքացիների հոսքը հակառակ ուղղությամբ էր, նա ուզում էր հոսանքին հակառակ գնալ ու տեղ հասնել:
Ոստիկանները, բնականաբար, ընդդիմացան, իսկ քաղաքացին ձայնը բարձրացնելով՝ սկսեց կռվել, թե դու ինչի՞ պիտի ինձ արգելես. «Էսի ցեղասպանության օր ա, ձեռներդ քե՛զ պահի»,- բղավում էր նա:
Ի զարմանս ներկաների, ոստիկանները ճանապարհ բացեցին նրա համար, միայն թե աղմուկ չանի:
Իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքում Վալերի Օսիպյանը ոստիկաններին ցուցումներ էր տալիս հանգիստ, համեստ, շատ զգույշ ու նրբորեն քաղաքացիներին բացատրել, թե ծաղիկը դնելուց հետո որ ուղղությամբ պետք է գնան, ժապավեններից չանցնեն, խոտերի վրա չբարձրանան եւ այլն: Նա մի քանի անգամ զգուշացրեց, որ քաղաքացիների հետ խոսեն ընդգծված հարգանքով:
Aravot.am-ի հարցին, որ այս 24 ժամվա մեջ այս ինչքա՜ն բան է փոխվել՝ Օսիպյանը չհամաձայնեց: Նրա խոսքով՝ ոստիկանությունը բարեփոխվել սկսել է վաղուց, պարզապես չենք նկատել:
Երեկվա իրադարձությունների մասին խոսելիս, երբ լրագրողներն ասացին՝ պարոն Օսիպյան, ճիշտ ասեք, շատ եք չէ՞ ուրախացել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ նա պատասխանեց, որ ուրախացել է նրա համար, որ արյուն չի թափվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ