«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ վերջին օրերի քաղաքացիական ընդվզումն արդար էր եւ պայմանավորված էր ՀՀ համակարգային հիմնախնդիրներով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Հասարակական պահանջ էր, որպեսզի ՀՀ-ում արմատական եւ արագ փոփոխություններ լինեն»: Հարցին՝ եթե իրականացվի «Իմ քայլը» շարժման պահանջներից մեկը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, ՕԵԿ-ն ինչպե՞ս կգործի, Բաղդասարյանը պատասխանեց.
«Մենք առաջին քաղաքական ուժն ենք, որը դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ այս իրավիճակի հանգուցալուծման միակ իրավական հենքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: ՕԵԿ-ը ակտիվ կմասնակցի այդ գործընթացին»:
Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց՝ համաձայն չէ բնորոշման հետ, թե ՕԵԿ-ը չի մասնակցել «Իմ քայլը» շարժմանը: «Դա կուսակցական պայքար չէր, այլ քաղաքացիական: Այդ օրերին նաեւ ՕԵԿ ակտիվիստներ են ձերբակալվել»,-տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ