Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խառնաշփոթ՝ Հայաստանում. ԵԽԽՎ-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

Ապրիլ 24,2018 17:20

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները քննադատեցին Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ցույցերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառումը, լրագրողների աշխատանքի խոչընդոտումն ու քաղաքացիներին համատարած բերման ենթարկելը:

Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Մարտ վան դե Վենը հայտարարեց, թե այս շաբաթ իրենց ուշադրության կենտրոնում են եղել հիմնականում կոռուպցիոն խնդիրները, մասնավորապես հետաքննող մարմնի գործունեությունը, սակայն պետք է ընդունել, որ Վեհաժողովի հիմնական նպատակն է ապահովել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովումը: Այնուհետև նա ուշադրություն հրավիրեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Նա այդ իրադարձությունները բնորոշեց որպես քաղաքական խառնաշփոթ, որն առաջացել էր սահմանադրական բարեփոխումներից և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուց հետո: Անդրադառնալով երևանյան իրադարձություններին, մասնավորապես ցույցերի ընթացքում երեք պատգամավորների՝ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությանը, պատգամավորը հայտարարեց. «Նրանք ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ առաջին փոխվարչապետը հանդիպեց նրանց: Վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների խախտումների մի շարք դեպքեր, ներառյալ լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունները»:

Ակտիվ էին նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք լայնորեն քննադատում էին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հայտարարեց. «Սերժ Սարգսյանը և իր կրիմինալ կառավարությունը կարծում են, որ անպատժելի են: Տարիներ առաջ Ազգային ժողովի վրա հարձակումը, քաղաքական գործիչների սպանությունը, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների անմարդկային վերաբերմունքը կրկին ցույց տվեցին Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը: Սա վկայում է Հայաստանում հակաժողովրդավարական և բռնատիրական համակարգի գոյության մասին»:

ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակ Սևինջ Ֆաթալիևան հայտարարեց. «Ցավոք, Հայաստանի իշխանությունների կարճատես քաղաքականության հետևանքով Հայաստանը հայտնվել է տարածաշրջանում մեկուսացման մեջ և բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում»: Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին՝ ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց. «Նայեք, թե ինչ է տեղի ունենում մարզերում: Թեև իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, բայց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձինք ահազանգում են ձերբակալությունների, բռնությունների, բերման ենթարկելու մասին: Հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարների գործողությունները ճնշման էին ենթարկվում իշխանության ներքո գտնվող ուժային կառույցների միջոցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30