«Շարժմանն աջակցելը միայն փողոցային պայքարին մասնակցելով չի լինում: Նման դեպքերում փողոցային պայքարը, թերեւս, ամենահուսալին է, բայց չի կարելի ասել, որ եթե մենք խմբակցությունով փողոց դուրս չենք եկել, ուրեմն չենք աջակցել: Հիմնազուրկ է պնդումը, թե մենք կողմ ենք եղել գործող վարչակազմին»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու միայն երեկ ԲՀԿ-ն հայտարարեց Փաշինյանի «Իմ քայլը» շարժմանը միանալու մասին, ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Թող մտածեն նրանք, ովքեր ժողովրդի կողքին չեն եղել ու հիմա կփորձեն երեւալ»,-հավելեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե «Իմ քայլը» շարժումը կրկին փողոցային պայքարի միջոցով պահանջի մյուս կետերի իրականացումը՝ ժամանակավոր կառավարության ստեղծում, ժողովրդի վարչապետի թեկնածուի առաջադրում, ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակում, «Ծառուկյան» դաշինքը կպաշտպանի՞ այդ պահանջները: Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրեց. «Իրենք այդ օրակարգը ներկայացրել են ժողովրդին, երբ կներկայացնեն պաշտոնապես, այդ ժամանակ կարծիք կհայտնենք»:
Անդրադառնալով վաղը կայանալիք Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան բանակցություններին, Գեւորգ Պետրոսյանը համոզմունք հայտնեց. «Մենք, բնականաբար, պետք է մասնակցենք, չմասնակցելու խնդիր չկա, լուրջ խնդիր է դրված»:
Մյուս հարցին՝ «հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը լինի ժողովրդի վարչապետի թեկնածուն», Պետրոսյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարող հայտարարել՝ նա կառաջադրվի՞, թե ոչ: Մի քանի օր սպասեք ու ամեն ինչ պարզ կլինի»:
Պատգամավորը վստահեցրեց, որ իրենք ԱԺ արտահերթ ընտրություններից չեն խուսափում, եւ եթե բանը հասնի դրան, «Ծառուկյան» դաշինքն ավելի մեծ թվով ձայներ կհավաքի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ