Հանրապետության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Այսօր բողոքի ցույցեր չեն լինելու նախաձեռնության կողմից:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրան հիմնականում հարցեր էին ուղղում՝ հետագա զարգացումների, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպման օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկոյան միջազգային լրատվամիջոցների համար մամուլի ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն բոլոր հարցերին:
Երթն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկանության ներկայացուցիչներին՝ ապահովել երթի բնականոն ընթացքը: Նաեւ երթի մասնակիցներին հորդորեց՝ պահպանել հանգիստ եւ հանդարտ ընթացք: Ասաց, որ սա ապրիլի 24-ի երթ է եւ որեւէ այլ գործողություն պետք չէ անել, նա հորդորեց շարժվել հնարավորինս լուռ:
Դիտողություն ստացան նաեւ երթը լուսաբանող լրագրողները: «Հարգելի լրագրողներ, դուք խանգարում եք, փակում եք մեր ճանապարհը, եթե սա քաղաքացիական անհնազանդության ակցիա է՝ միանգամից ասեք»,- հումոր արեց Նիկոլ Փաշինյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ