Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց». Սամվել Բալասանյանը՝ վարչապետի հրաժարականի մասին

Ապրիլ 24,2018 15:58

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հերհերի ձորում՝ Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հարգելուց հետո պատասխանեց նաև լրագրողների քաղաքական հարցերին։

Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Սերժ Սարգսյանի քայլը, Գյումրու քաղաքապետն ասաց. «Շատ բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի քայլը, շատ, եթե այլ քայլի գնային, կլիներ արյունահեղություն։ Մենք մարտի մեկ ենք տեսել և սգացել ենք։ Շատ ճիշտ արեց, որովհետև համազգային շարժում էր, այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել, այսինքն՝ ազգը կանգնել է, ասում է՝ չենք ուզում։ Եվ ինքն էլ ուժ գտավ իր մեջ, կարողացավ հաղթահարել այդ արգելապատնեշը։ Եվ էսօր խաղաղ եկել ենք ապրիլի 24-ին, սգում ենք, հիշում ենք, վեր ենք բարձրացնում այս կարևոր հարցերը։ Այնպես որ, աշխատենք, արարենք, թող նստեն երկխոսության, ճիշտ ճանապարհ գտնեն, հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ քաոս ստացվի։ Ստացվի այն, ինչ որ անհրաժեշտ է, մեր երիտասարդներն ազնիվ են, համախմբված։ Գիտեք ինչ, ասում են թավշյա հեղափոխություն է, սա ազնվության, սիրո, համախմբման հեղափոխություն է, ամեն ինչ կարելի է որակել։ Ճիշտն ասած, ես պարծենում եմ հայ ազգով, իմ տրամադրությունը շատ լավ է, համազգային շարժումը չի կարող որևէ մեկի սրտով չլինել, եթե ազգը ուզում է, ուրեմն բոլորիս սրտով է, ինչի մասին է խոսքը»։

Սամվել Բալասանյանը սկզբում չի էլ սպասել, որ դպրոցականները, ոտքի կանգնելով, կհասնեն իրենց նպատակին, մտահոգություն է ունեցել, թե խառնաշփոթ չստացվի Գյումրիում ու որևէ երեխա հանկարծ չվնասվի։ «Ես ասում էի՝ հանկարծ որևէ երեխա չվնասվի, որովհետև 12 տարեկաններ էին եկել քաղաքապետարանի դուռը։ Երեկ նորից մարզպետի հետ աշխատեցինք, որ հանկարծ որևէ խառնաշփոթ չստեղծվի, որովհետև տեսանք՝ ինչ կատարվեց քաղաքում։ Ես երեկ երեք անգամ եկել եմ քաղաքապետարան, հետ եմ դարձել, ուշադիր եմ եղել, որպեսզի խնդիր հանկարծ չստեղծվի, որովհետև Գյումրի գյուղերից էլ էին եկել։ Ճիշտն ասած, ինձ համար ոնց որ զարթոնք է, Աստված տա, միշտ թող ուրախ տրամադրություն լինի, իհարկե, էդպիսի խառնաշփոթով չէ, բայց թող միշտ լինի, որովհետև եկել է վստահության, ազնվության ժամանակները»,- ասում է քաղաքապետը։

Նա միաժամանակ հպարտ է, որ այնպիսի սերունդ է մեծանում, որը տեր կկանգնի մեր երկրին։

Գյումրու քաղաքապետը, պատասխանելով այն հարցին, թե իշխանափոխության դեպքում կա՞ պաշտոնաթող լինելու վտանգ նաև իրեն, Սամվել Բալասանյանն ասաց, որ իր կառույցը, բացի ավագանուց, ապաքաղաքական մարմին է։ «Իմ աշխատակիցների համար չկա կուսակցություն, էս կուսակցությունից էն կուսակցություն, էսօր իմ խնդիրը՝ որպես քաղաքապետի, քաղաքը կառուցելն է, վերականգնելն է, նույնիսկ այդ օրերին, 11 օր տևեց, բայց գիշեր-ցերեկ ես էլի փողոցներում էի, մի օր չկանգնեցրեցինք աշխատանքները, որովհետև լուրջ ծրագրեր են, և եղանակն էլ բարենպաստ է, որպեսզի կարողանանք այդ փողոցները վերականգնել։ Միշտ պետք է աշխատենք, որպես քաղաքապետ՝ պիտի անեմ իմ աշխատանքները, քաղաքականության հետ այնքան կապ ունենք, որ միայն ավագանու հետ ենք շփվում, որը «Բալասանյան դաշինքով» է, որը իշխանության մաս է կազմում, և այսօրվա դրությամբ որպես իշխանություն՝ մենք էլ ենք իշխանություն, և այդ իշխանությունը պիտի կարողանա նորից իր ծրագրերը շարունակել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30