Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս առիթով հավատացելոց խոնարհումի համար դուրս էր բերվել սուրբ նահատակաց մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը: Սրբազան արարողության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը, անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորաբար նշելով. «Հայ ժողովուրդն աշխարհի երեսի վրա այն ժողովուրդներից է, որ ենթարկվել է ցեղասպանության և բնաջնջումի` ապրելով չարիքը անթիվ կոտորածների և մարդասպանության: Գարնանային այս գեղեցիկ օրերին, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ուր բնությունը նոր կյանքով բուրում, մենք դարձյալ համախմբվել ենք մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու: Հայրուրերեքերորդ տարելիցն է 2018 թվականն ազգաբնակչության այդ կոտորածների և սպանության, սակայն, որպես քրիստոնյաներ, ովքեր հավատարիմ են մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատքին, մենք հավատում ենք, որ մեր նահատակները հարուցյալ են ի Քրիստոս, որովհետև Տերն ասաց. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. Ժ 28):
…Ինչքան էլ վայրագ եղան ամբողջ պատմության ընթացքում մեր ազգի դեմ գործված վճիռները, ինչքան էլ չարն ու չարիքը ուզեցին ոչնչացնել մեր ազգը, մեր Եկեղեցին, հայ ժողովուրդը մեր Տեր Հիսուսի Քրիստոսի հարուցյալ կյանքով, հարուցյալ լույսի հավատքը ունենալով, գերեզման չիջավ, որովհետև մեր կյանքը հարուցյալ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, կյանքով արդեն իսկ լեցուն էր:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մենք այսօր մխիթարված ենք, որովհետև մեր նահատակները արժանացան սրբադասման, երկնավոր սրբերի թագերին և այսօր երկնքում մեզ համար բարեխոսներ են»:
Հայր Առենն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է այսօր շարունակի հիշել իր նահատակներին և պահանջել, որպեսզի նման չարիք` ցեղասպանություն, տեղ չգտնի ոչ մի ազգի կյանքում:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բարեխոսական կարգ:
Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ Գաբրիել Չեմբերջյանը և Սարգիս Պետոյանը, ինչպես նաև Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտները:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի