Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նիստին մասնակցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Կարեն Կարապետյանը նիստի սկզբում անդրադարձ է կատարել մի քանի հրատապ հարցերի, որոնք պայմանավորված են երկրում ստեղծված իրավիճակով:
«Առաջին.
Ցանկանում եմ դիմել մեր զինված ուժերին և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվության բարձր զգացումով և հպարտությամբ կատարելու համար։
Չպետք է լինի որևէ կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք և միասնական։
Պարոն Սարգսյան, վերջին օրերին օպերատիվ տեղեկություններով, որը նաև հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություններով, նկատվում է ադրբեջանական զինված ուժերի և զինվորական տեխնիկայի ակտիվ շարժ դեպի շփման գիծ։ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։ Համակարծիք ենք, որ անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը: Այդ հարցի շուրջ այսօր խոսել եմ նաև Արցախի Հանրապետության նախագահ պարոն Սահակյանի հետ:
Ինչպես նախկինում, այսօր էլ հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը և զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու և զսպելու գործողությունների։ Հակառակորդը չպետք է որևէ պատրանք ունենա այս առումով։
Երկրորդը.
Պարոն Գասպարյան, ոստիկանությունը այս բարդ օրերին ցույց տվեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը և հասարակական անվտանգությունը պահպանելու կարողությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին իրենց նվիրումի, իրենց աշխատանքի և հանդուրժողականության համար:
Միևնույն ժամանակ պետք է հստակ լինի, որ որքան կարևոր է զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ պարտավոր ենք ցուցաբերել զգոնություն` հասարակական կարգուկանոնն ապահովելու տեսանկյունից։ Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն։
Երրորդը.
Պարո՛ն Կուտոյան, հատուկ ուզում եմ առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը և պարտականությունները պատշաճ կատարելը: Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում։
Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ