ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը, որը ներգրավված է եղել իշխանություն- ընդդիմություն քննարկումների գործընթացում եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ժամանեց Հանրապետության հրապարակ՝ Փաշինյանի հետ բանակցելու, նշում է իրավիճակի զարգացման մի քանի սցենար։
Նախ, նա հիշեցրեց Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը նախատեսած է նման դեպքերի համար։ «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- ասված է հոդվածում, որը, սակայն, տարբերվում է Փաշինյանի ներկայացրած «ժողովրդի թեկնածու» վարչապետի ընտրության սցենարից։
Նա կարծում է, որ առաջիկա քաղաքական քննարկումների արդյունքում հնարավոր է գտնվեն նոր լուծումներ։ «Փաստացի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է։ Ուստի նա պետք է որոշումներ ընդունելիս լինի շատ պատասխանատու, սա է թելադրում պահը։ Բոլոր կողմերը պետք է շատ սթափ գնահատեն իրավիճակը»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ ՀՀԿ-անները Սարգսյանի հրաժարականը «կներկայացնեն որպես ժողովրդավարական առաջնորդի շատ խոհեմ որոշում», հատկապես ապրիլի 24-ի շեմին։
Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում