Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը հաշվարկված չէ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություններին համահունչ լուծումներ առաջադրելու համար»

Ապրիլ 24,2018 12:12

Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սահմանադրաիրավական գործընթացին առնչվող հարցադրումներն աննախադեպ հրատապություն ձեռք բերեցին, իսկ դրանց վերաբերյալ հնչած տեսակետներն ակնհայտ իրարամերժ են ու զերծ անհրաժեշտ հստակությունից: Պարզաբանման ակնկալիքով դիմեցինք իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին

-Վարչապետի հրաժարականին ինչպիսի՞ գործընթացներ են հաջորդում, ինչ եք կարծում, ո՞ր քաղաքական ուժերը կարող են դերակատարում ունենալ դրանցում

-Իմ կարգավիճակը պարտավորեցնում է դրսևորել քաղաքական զսպվածություն, ինչին միանշանակ հետևելու եմ, ուստի ասվածն առնչվելու է միայն իրավական հարցադրումներին: Նախ, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի և 130-րդ և 158-րդ հոդվածների համաձայն, Հանրապետության նախագահի կողմից ընդունվում է Կառավարության հրաժարականը, իսկ 7-օրյա ժամկետում ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ: Խորհրդարանում ինչպիսի՞ քվորում է անհրաժեշտ վարչապետ ընտրելու համար: Վարչապետ ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նույն 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն, որին արդեն կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդի առաջադրած թեկնածուները: Պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ընդ որում, վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Այս օրերին խոսվում է, այսպես կոչված, ժամանակավոր Կառավարության և հնարավորինս սեղմ ժամկետում Ազգային ժողովն արձակելու մասին:

Սահմանադրությամբ ի՞նչ նորմեր են նախատեսված Կառավարության լիազորությունները դադարեցնելու առնչությամբ

-Սահմանադրությունը հաշվարկված չէ քաղաքական ուժերի միջև պայմանավորվածություններին համահունչ լուծումներ առաջադրելու համար: Մյուս կողմից, իրավական հարթությամբ այդպիսիք կարող են իրացվել մի քանի եղանակներով, որոնց ընտրությունը, կրկնում եմ, քաղաքական ենթատեքստ ունի: Այսպես, Կառավարության հրաժարականի հիմք է Սահմանադրության 115-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով վարչապետին անվստահություն հայտնելը, որի մասին որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդը, ընդ որում, նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածություն: Հավելեմ, որ այսպիսի նախաձեռնություն կարող է լինել վարչապետին նշանակելուց ոչ շուտ, քան 1 տարի հետո: Սահմանադրության 157-րդ հոդվածի հիմքով Կառավարության վստահության հարց կարող է դրվել նաև Կառավարության նախաձեռնությամբ, երբ վերջինս իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ դնում է իր վստահության հարցը: Այս դեպքում ժամանակային սահմանափակում չկա, պարզապես Կառավարությունը չի կարող իր վստահության հարցը դնել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Թերևս, առավել պարզ ու կանխատեսելի ընթացակարգ է նախատեսված Սահմանադրության 158-րդ հոդվածով, ըստ որի՝ Կառավարության հրաժարականի հիմք է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջան գումարելը կամ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելը: Նույն հոդվածով նաև այլ հիմքեր են նախատեսված, սակայն դրանք քաղաքական բանակցությունների հետ աղերս չունեն, ինչպես օրինակ՝ Կառավարության ծրագրին հավանություն չտալը կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալը:

Ի՞նչ կարգով կարող է խորհրդարանը վաղաժամկետ արձակվել և նշանակվել արտահերթ ընտրություն:

-Ինչպես արդեն նկատեցինք, Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով երկրորդ փուլով վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: Խորհրդարանի արձակվելու հիմքեր են նախատեսված նաև Սահմանադրության 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, մասնավորապես 3-րդ մասի համաձայն. եթե խորհրդարանն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ 4-րդ մասի համաձայն, եթե վարչապետին անվստահություն հայտնելու հիմքով, կազմավորված Կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: Ընդ որում, ինչպես արդեն նշվեց, Կառավարության ծրագրին հավանություն չտալը հանգեցնում է նաև Կառավարության հրաժարականին:

Պարոն Դանիելյան, այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր համադրել ժամանակավոր Կառավարության և խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունները:

-Կառավարության պարագայում խնդիրը պարզ է, կարող է պարզապես դրվել հրաժարականի հարցը, մինչդեռ՝ խորհրդարանի պարագայում վերջինիս արձակման հարցը առավելապես փոխկապակցված է Կառավարության վստահության կամ ծրագրի հետ: Ուստի հավանական կարող է համարվել այն տարբերակը, երբ քաղաքական պայմանավորվածության հենքով նախատեսված ժամկետում վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ և իրավունքի ուժով արձակվում է: Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները հաճախ էին խորհրդարանական կառավարման ձևը ներկայացնում իբրև առավել կայուն, ցնցումներից զերծ պահող համակարգ, մինչդեռ՝ հաշված օրերի ընթացքում այդ կայունությունից ոչինչ չմնաց: Մնում եմ խորհրդարանական կառավարման ձևի կողմնակից, իսկ ցնցումների մասով վերապահում ենթադրող գնահատականները երբեք չեմ կիսել: Բազմիցս ընդգծել եմ, որ կառավարման ձևը ոչ թե բացառում է ցնցումները, այլ սոսկ նպաստում է, որ դրանք չուղեկցվեն ծանր հետևանքների հանգեցնող բախումներով: Երբեք չի կարելի ենթադրել, որ ընտրական գործընթացների սահմանափակումն ինքնըստինքյան հանգեցնում է քաղաքական հուզումների նվազեցմանը: Վճռորոշը մարդկային գործոնն է ու իրավաքաղաքական մշակույթը: Խորհրդարանական կառավարման ձևի ընտրության հիմնավորվածությունը վերջին իրադարձությունների համատեքստում չի դրվում կասկածի տակ: Ընդհանրապես, քաղաքացիական հասարակության հաղթանակները կարող են բնականոն ավարտ ունենալ, եթե ուղեկցվեն հուսալի, արհեստավարժ վերահսկողության կառուցակարգերով: Շահում են այն երկրները, որոնք կարողանում են ներդնել կառավարման թափանցիկ ընթացակարգեր, հովանավորչությունից զերծ կադրային քաղաքականություն և երաշխավորել հիրավի քաղաքացիական վերահսկողություն: Այս օրերին մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ երկրում կա երիտասարդություն, որը պատրաստ է ստանձնելու կառավարման համակարգի նկատմամբ գործուն ու անաչառ մշտադիտարկման առաքելություն, ինչի կարիքը մեզանում անչափ մեծ է:

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30