ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրաժարականին. «Նա իմաստուն որոշում կայացրեց եւ չկրկնեց իր երկու նախորդների սխալը»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հակառակ դեպքում ի՞նչ կլիներ, ի պատասխան Մանվել Գրիգորյանն ասաց. «Բա որ ո՞ւժ կիրառվեր»: Լրագրողներն այնուհետեւ հարցրին՝ մարտի 1-ին նման մի բա՞ն: Մանվել Գրիգորյանն արձագանքեց, որ գուցե:
Անդրադառնալով օրերս Էջմիածնում դանակահարության դեպքին, Գրիգորյանը տեղեկացրեց, որ այցելել է երիտասարդին: Իսկ թե ովքեր են դանակահարել ցուցարարին, Մանվել Գրիգորյանն ասաց, որ չգիտի, սակայն հավելեց. «Ի՞նչ իմանամ, ճոյտականների խումբ էր հավաքվել: Թուրք է նա, ով իր գործը լավ չի կատարում»:
Լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը. «Ողջունում եմ Սերժ Սարգսյանի իմաստուն որոշումը, բայց ժողովրդի անունից մի խոսեք: Հրապարակում հավաքվածները ժողովրդի մի մասն էին: Իսկ ժողովուրդը երեք միլիոն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ