-Տունդ քանդվի, փաշա՜ …, ինչ իմ տունը քանդեցիր…
Սոփին էր ողբ ու կոծ անում, վայ տալիս գլխին: Ողբում էր աղիողորմ… Գոռո՜ւմ էր` որդեկորույս մոր կորստյան ցավից խելագարված…
…Մելիքի պատանով փաթաթած անկենդան մարմինը նորից դրեցին սայլի վրա:
…Եղո բիձեն գերեզմանոցում սայլից իջեցրեց Մելիքի դին, ապա, ամուսիններին հենց նոր հողին հանձնած երկու կանանց հետ, ցավագին գերեզման իջեցրեց Մելիքին…
Գերեզմանոցում տասնյակ սգակիր կանայք ողբում էին վերջին օրերին թուրքերի կողմից սպանված իրենց հարազատ տղամարդկանց շիրիմների ու դիակների վրա…
* * *
…Մելիքը տագնապած անդ ու անդաստան տակն ու վրա էր անում: Եղբայրներին էր որոնում՝ քափ ու քրտինքի մեջ կորած: Գտա՜վ… Մերիի անտառամուտից քիչ ներքեւ վար ու ցանք էին անում:
-Աշո՛տ, Մկրտի՛չ, ուշադիր լսե՛ք… Ես լուր ստացա, որ թուրքերի կանոնավոր զորքն Ալեքսանդրապոլի կողմից դեպի Համամլի է արշավում:
-Բայց այս տարածքներն ազատ գոտիներ են հայտարարված,- ընդհատեց նրան Աշոտը:
-Թուրքն էլ հենց ազատ գոտիներ է փնտրում, որ սղոսկի, զավթի, թալանի, բնաջնջի ու ավերի ամեն ինչ: Նրանք ճանապարհին անարգել մտնում են պատահած գյուղերն ու հավաքում տղամարդկանց՝ թուրքական բանակում զինվորագրելու քողի տակ, եւ տարհանում են նրանց: Տղամարդկանց հետ, շատ հաճախ, գյուղերից բռնահանում են նաեւ կանանց ու երեխաներին՝ խաղաղ բնակչությանը, քշում Ջաջուռի ոլորանների կողմն ու Հազազի ձորում անգթորեն գնդակահարում բոլորին: Սրիկաներն, օգտվելով ժողովրդի անօգնական վիճակից, արդեն հասցրել են ավերել Ղարաբոյը (Խնկոյան), Աղբուլաղը (Լուսաղբյուր), Ղալթաղչին (Հարթագյուղ), Ավդիբեկը (Ծաղկաբեր), Պարնիգյուղը (Մեծ Պարնի), Գյոգյուղուշը (Սարալանջ), Ղարալը (Կաթնաջուր) եւ մոտենում են Նալբանդին (Շիրակամուտ) ու Թափանլիին (Գեղասար): Աշոտ, նրանք մի շատ սոսկալի նախճիր են իրագործել Ղալթաղչիում: Մեր ու մանուկ լցրել են տեղի եկեղեցին եւ ողջակիզել բոլորին, ինչ է թե՝ ժողովուրդը ցանկացել է հանդիմանել ասկյարներին…
-Մենք բոլորս կհամախմբվենք ու կկռվենք անօրենների դեմ,- զայրացած նետեց Մկրտիչը…
-Հիմա մենք այստեղ ոչ զենք ունենք, ոչ էլ զորք: Իսկ թուրքական բռնապետությունն էլ ամեն բնակավայրում իր ներկայացուցիչն ունի: Փաշաներն են՝ մի քանի ասկյարների հետ, գիտեք: Նրանց զորքն էլ սեւ խավարի պես արդեն պատել է չորսբոլորը: Ուրեմն՝ դուք անհապաղ պետք է հեռանաք Համամլիից: Հենց որ մեր զորքերն սկսեն մարտերն, այն ժամանակ ես կտեղեկացնեմ, որ շտապ վերադառնաք ու միանաք նրանց:
-Իսկ դո՞ւ… Ախպերս, կարծում ես թուրքերը կխնայե՞ն քեզ…
-Մկրտիչ, դու գիտես, որ Համամլիի փաշան մեր տանն է ապրում: Ես էլ ամեն օր հաց ու ջուր եմ անում նրա համար: Նա չի թողնի, որ վնաս տան ինձ…
-Ի՞նչ է, փաշան թուրք չի՞,- հեգնեց Մկրտիչը: -Եվ դու կարծում ես՝ Հասոյի շան պես հավատարի՞մ կգտնվի: Նա էլ է թուրք, Մելի՜ք… Գոնե հիշիր մի քանի օր առաջ թուրք ասկյարների կատարած ոճիրը Գուրգենի տանը: Ասկյարները նրանց տանն էին ապրում, չէ՞: Եվ ի՞նչ… Գիտե՛ք, թե ինչ… Սկզբից նրանց 15 տարեկան աղջկան՝ Անահիտին, բռնաբարեցին տնեցիների աչքի առաջ, հետո էլ՝ մորը: Վերջում էլ սպանեցին բոլորին: Իսկ տանտիրոջը՝ Գուրգենին, սպանելուց հետո գլխատեցին, գլուխը կախեցին տան մուտքի վերեւում եւ մի քանի օր կախված թողեցին: Այդպիսին են թուրքերն, ա՛յ ախպեր: Ախր, վերջապես, մենք ե՞րբ ենք հասկանալու այս ամենը: Նրանք ոչ մի սրբություն չունե՛ն…
-Եկեք էլ չվիճենք, ախպերս: Դուք շտապ մեկնելու եք Իկահատ (Այգեհատ, Լոռու մարզ), մեր հանրահայտ Շահվերդյան պապերի տուն:
…Լոռվա ձորի կողմից դեռ չէր նշմարվում խավարից հետզհետե կարմրող հորիզոնը: Սոփին ու Մելիքը Աշոտին Մկրտչի հետ ճանապարհեցին Իկահատ:
Գնացին նրանք՝ արտն ու արորը թողած: Գնացին՝ սրտները կախ: Գնացի՜ն…ծանր ու սրտամաշ մի կանխազգացում տանելով իրենց հետ:
Համամլիի մեծահարուստներից Տեր-Կարապետյանների՝ սարկավագենց Սարգսի տան երկրորդ հարկ տանող փայտաշեն աստիճանները տան դրսի կողմից էին եւ սկսվում էին կենտրոնական փողոցի եզրից: Այդ աստիճաններով Մելիքն ամեն օր ուտելիք էր տանում փաշային: Տանում էր, որ փաշան «լավ նայեր» իրենց:
Այդ օրը երեկոյան Մելիքը սուփրան սարքել ու պատրաստվում էր բարձրանալ փաշայի մոտ: Աստիճաններին չհասած՝ նկատեց, որ քիչ հեռվում, ասկյարները չորս-հինգ հայ տղամարդու կապկպել են ու սվինավոր հրացաններով հսկում են: Թուրքերից մի քանիսն էլ կարծես փնտրում էին ուրիշների: Մելիքը հասկացավ, որ թուրքերը ձեռնարկել են տեղացի հայ տղամարդկանց գնդակահարության տանելու հերթական սպանդը: Նա արագորեն բարձրանալով աստիճաններով՝ դուռը թակեց եւ, առանց ներսի պատասխանին սպասելու, մտավ փաշայի սենյակը:
Փայտյա լայն մահճակալի վրա փռված կարպետների ու գորգերի մեջ կիսապառկած՝ մրափում էր փաշան, լխկած, ալարկոտ մարմինը մահճակալով մեկ լցրած՝ անճոռնի կեցվածքով: Մրափում էր: Փաշան աչքերը կիսաբացեց ու տեսավ իրիկնահացով լցված սկուտեղը ձեռքին իր դիմաց կանգնած Մելիքին: Մելիքը մոտեցավ, սկուտեղը դրեց փաշայի դիմաց ու մի քանի քայլ հետ գնաց՝ նողկանքով: Իսկ փաշա՜ն…
Փաշան, լխկած մարմինը փոքր-ինչ ուղղելով, ծալապատիկ նստեց, մանրիկ աչքերը սահեցրեց սկուտեղի պարունակության վրայով, ապա քորքորեց փորն ու կարճլիկ մատներով մի քանի բալ լփլփեց: Հետո անցավ լավաշին, կանաչեղենին, պանրին, ձվածեղին…
Մելիքը դրսում կատարվելիք ոճրագործության տագնապը չէր կարողանում փարատել մտքից: Աներեւույթ նախճիրի կանխազգացումը ցնցում էր նրա հոգու աշխարհը: Անօգնականի ճնշող զգացողությունը զայրույթի փոթորիկներ էր ծնում նրա մեջ: Դրսում արնախում ասկյարները մահվան դատապարտված համամլեցիներին էին կապկպել հերթական գնդակահարությունից առաջ ու դեռ էլի տղամարդկանց էին փնտրում, դիմացն՝ իր հացը չփչփացնելով լափող փաշան: Փաշան, որ խժռում էր գարշելի ագահությամբ ու անկուշտ ոգեւորությամբ: Փաշա՜ն… Հացի անարժան Համամլիի «գահակալը», անկոչ «տիրակալը»: Փաշա՜ն… Անաղուհաց քրդի շունը:
…Ի՞նչ… Քրդի շո՞ւն… Հա՜, հա՛… քրդի շո՛ւն… Չէ՜, ի՞նչ քրդի շուն: Պատվարժան էր քրդի շունը…
Ու քուրդ ընկերոջը հիշեց, Հասոյին: Եվ նրա շանը հիշեց, Մուխտարին…
* * *
Հասոն հովիվ էր Քարակերտի հովիտներում: Իր քուրդ ընկերների հարեւանությամբ ոչխար էր պահում:
Քարակերտի լեռան բաց ճակատն արծիվների կղանքից նախշազարդվել էր: Լուսնազարդ գիշերներին փայլում էր լեռը՝ երկնքում թառած լուսնի ու աստղերի հետ լուռ զրուցելով: Այդ լեռան բարձունքից դեպի ստորոտ նայելիս՝ նշմարվում էին տասնյակ սպիտակ ու թուխ քարակտորների նմանվող քարե մահարձան-կենդանակերպեր: Հասոյի ոչխարի հոտն էր, որից մոտ 300 ոտնաչափ ներքեւ աղալն էր եւ աղալի մուտքի մոտ գետնից փոքր-ինչ վեր ելնող փարախը, ուր Հասոն կռանալով էր մտնում: Սակայն դուրս էր թռչում չորեքթաթ, կայծակնորեն, երբ լսում էր Մուխտարի տագնապազդու գելահաչը:
Մուխտա՜րը…
Հասոն մի լերկ, հսկայական քարաբեկորի մոտ տարիներ առաջ էր գտել Մուխտարին: Գտել էր՝ լքված, անօգնական, հազիվ կլանչող որբուկին: Ու գրկած փարախ էր բերել: Այնտեղ ամիսներ շարունակ հացով ու այծի կաթով կերակրել էր նրան, կազդուրել, աճեցրել, դարձրել էր աժդահա, անվախ ու զորեղ գամփռ: Եվ ամեն առավոտ, երբ Հասոն դուրս էր գալիս փարախից, Մուխտարը, հենց փարախի մուտքի մոտ, առջեւի զույգ ոտքերը դնում էր իրեն կերակրողի կրծքին ու սիրալիր շնկշնկոցով լիզում էր Հասոյի դեմքը…
Ոչխարի հոտի շուրջը պտտվում էր Մուխտարը, գիշեր թե ցերեկ, մերթընդմերթ կարճ հաչոցներով լուր տալով գել ու գազաններին, որ ինքն այստեղ է, ինքն է այստեղի տերն ու տիրականը… Եվ չփորձեն ծուռ նայել իր պահպանող հոտին: Ու դրանից հետո գռմռալով բարձրանում էր, կանգնում բարձր, լերկ քարաբեկորի վրա ու տիրակալի հպարտությամբ լցված աչքերն ուղղում մեկ ոչխարի հոտին, մեկ՝ տիրոջը, ապա՝ շուրջբոլորը: Եվ ամենից շատ դեպի ձորաբերան, որտեղից նախորդ տարի հոտի վրա հարձակվել էին գայլերը: Գայլե՜րը… Այն փրփրած, վայրագ էգերը…
…Մի երեկո, սովորականի պես, ոչխարներին իջեցնում էին աղալ: Հասոն գնում էր հոտի առջեւից, ուսին ծանրացած մահակը տմբտմբացնելով, գուրզը՝ թեւատակին: Իսկ Մուխտարը քշում էր հոտից հետ մնացող հոգնած ոչխարներին: Ու… հանկարծ, մռայլ երազի պես, հայտնվեցին գայլերը: Երկուսն էին՝ գորշ ու աժդահա: Արյան ծարավ ժանիքները շխկշխկացնելով, դեպի ոչխարներն էին սլանում, որ ցաք ու ցրիվ անեն եւ հոշոտեն: Հասոն ցնցվեց Մուխտարի գելահաչից: Մինչ մահակը վրա կբերեր, գայլերից մեկն արդեն հասցրել էր բացել պատահած ոչխարներից մեկի փորը: Ծանր մահակի հարվածից գայլը տապալվեց: Նույն վայրկյանին Մուխտարի ժանիքները խրվեցին գազանի մարմնի մեջ: Սոսկալի ցավից մռնչալով ու կաղկանձելով՝ գայլը ճողոպրեց ու կորավ ձորաբերանի խավարի մեջ: Մյուս գայլն այդ միջոցին ցատկեց Մուխտարի մեջքին, լայն երախն ուղղեց շան վզին եւ ակնթարթորեն վայր ընկավ՝ արյունլվա շուրթերը լիզելով: Մուխտարի սրածայր ասեղնաշարե վզնոցից պատառոտվել էին գայլի ռունգերը… Հանկարծակիի եկած գայլը, մի ակնթարթ տեղում անկանոն պտտվեց ու կաղկանձելով փախավ ձորն ի վեր: Մուխտարն սկսեց հետապնդել գայլերին:
-Մուխտա՜ր, ե՛տ արի…,- գոռում էր Հասոն: Իսկ շունը շարունակում էր հալածել գայլերին:
Հասոն ոչխարներին աղալ հասցրեց ու տագնապած ձայն տվեց հարեւան հովիվներին:
-Ի՞նչ կա, Հասո ախպեր, ի՞նչ է պատահել,- խառնված դուրս թափվեցին նրանք:
– Մուխտարը վերեւներում հալածում է գայլերին: Կխեղդեն, եթե չօգնենք:
Մահակներով ու դաշույններով զինված չորս պինդ տղամարդ շտապեցին վերեւ: Արդեն մութն ընկել էր: Նրանց գոռում-գոչյուններին ու հարայհրոցներին ոչ մի արձագանք: Չգտան Մուխտարին: Կեսգիշերին, սրտերը կոտրած, ափսոսանքով ու հիասթափությամբ լցված, վերադարձան: Ու… Տե՜ր, քե՛զ մեղա… Աղալի կողմից Հասոյի ականջին հասավ Մուխտարի սրտաճմլիկ, հազիվ արտաբերվող շնկշնկոցը: Ծանր էր շնչում գամփռը, եւ արյուն էր ծորում վերքերից: Հասոն հանեց շապիկը, արագորեն կապկպեց շան վերքերն ու փարախ տարավ նրան:
-Ախպե՛ր Հասո, դու կմնաս Մուխտարի մոտ, մինչեւ նրա լավանալը: Մենք քո հոտը կտանենք մերի հետ…
Օրեր անց՝ առաջվա նման, հացով ու այծի կաթով Հասոն կազդուրեց Մուխտարին: Արդեն փարախում չէր գիշերում Մուխտարը: Արեւածագի հետ, զիլ ու խռպոտ հաչոցներով լցնում էր սար ու ձորերը: Ապա շտապում էր փարախի դուռը, իր ձեւով Հասոյին ողջունելու: Հետո, վազվզելով, աղալից դուրս էր քշում ոչխարներին:
Մի անիծված երեկո Հասոն քար կտրեց զարմանքից, երբ պարզեց, որ տասնութ ոչխար չէր վերադարձել արոտից:
-Վասո՜ո՜,- ձայն տվեց ընկերոջը: -Ոչխարներից մնացել են սարերում: Նայեցեք աղալին, ես Մուխտարի հետ գնում եմ փնտրելու: Եվ մահակն ու գուրզն առած՝ բարձրացավ վերեւ: Երկար փնտրեցին: Չկային ու չկային: Գորշ մթությունը դանդաղորեն խավար էր բերում՝ անհուսության հետ: Ու մեկ էլ…
– Էս լավ չէր, Մուխտար,- գայլի տագնապազդու ոռնոցին ականջալուր՝ արտաբերեց Հասոն: Այդ ոռնոցին միացավ ոհմակի ուլուլոցը: Հասոն կարծես պապանձվեց: Վախը լարել էր ուղեղը, կծկել մտքի թելերն ու այնպե՜ս ամուր ամրակապել խելք ու միտքը…
Գայլերը հայտնվեցին միանգամից: Անշշուկ, անմռունչ, բայց վրագլուխ: Կարծես գետնի տակից ծլեցին՝ դժոխային խավարի մեջ փայլփլող աչքերն այս ու այն կողմ դարձնելով: Գտա՜ն Հասոյին: Սարսափած Հասոն հասցրեց մի ակնթարթում մագլցել այն լերկ, բարձր, հսկա ժայռաբեկորի վրա, որի մոտակայքում գտել էր Մուխտարին: Հասոն ձեռքն անմիջապես պարզեց դեպի շունը: Վեր բարձրացրեց նրան ու կիպ կպած տեղավորվեցին քարաբեկորի վրա: Գայլերը մի պահ կանգնած մնացին, ապա սկսեցին վեեւից թափ առնելով ցատկել դեպի քարաբեկորը: Չէր հաջողվում հասնել: Սակայն գազազած գայլերը փորձում էին նորից ու նորից: Գայլերից մեկը համարյա հպվելով անցավ Հասոյի կողքով: Հաջորդ ցատկին նրանցից մեկն արդեն կարողացավ բռնել Հասոյի տաբատի փեշից: Սակայն նա էլ ներքեւ գլորվեց, տաբատից մի կտոր պոկել-տանելով ժանիքներին կպած: Մուխտարն է՛լ ավելի անհանգիստ սկսեց գռմռալ: Նա դրա տերը չէր: Հսկա քարաբեկորի վրայից անհնար էր պայքարել գայլերի դեմ: Մուխտարը դունչը երկինք պարզեց, ապա զիլ ու սրտակեղեք կաղկանձեց: Հետո, անսպասելիորեն առջեւի ոտքերը դրեց Հասոյի կրծքին, վնգստալով սկսեց լիզել նրա դեմքը: Երկուսի աչքերից արցունքի մի-մի կաթիլ ընկան… Այդ պահին Մուխտարը նկատեց դեպի Հասոն սլացող գայլին: Գազազած թռավ նրա դեմ, ժանիքները խրեց գազանի կոկորդն ու միասին գլորվեցին ներքեւ: Սուր ցավից գայլը զարհուրելի ոռնաց: Վերքից հորդացող արյան շիթը ցայտեց չորսկողմ: Գայլերը վրա տվեցին իրենց վիրավոր ցեղակցին, վայրկենաբար խեղդեցին, պատառ-պատառ արեցին ու սկսեցին հոշոտել: Իսկ Մուխտա՜րը… Մուխտարն այդ ընթացքում մրրիկի նման պտտվեց նրանց շուրջը, ամեն մեկին մի վերք տվեց, արյուն հանեց ամենքից ու սուրաց դեպի բարձունքները… Գազազած գայլերն սկսեցին հետապնդել նրան: Դեպի լեռներն էր փախչում Մուխտարը…
– Մուխտա՜ր, հետ արի՛, Մուխտա՜ր…,- գոռում էր Հասոն: Գոռում էր կոկորդը պայթելու չափ հուժկու…
Մուխտարը չէր լսում նրան: Մուխտարը գայլերին փախցնում էր անհուն հեռուներ…
Դժոխային մթությունը դանդաղորեն կլանում էր շանն ու գայլերին: Հետո, կամաց-կամաց մարեցին ու անհետացան նաեւ հեռացող ձայները…
Հասոյի ընկերների ուշացած աղաղակները հույսի լույսի պես եկան դեպի քարաբեկոր: Մահու չափ վախեցած Հասոն պատմում էր կատարվածն ու աղիողորմ խնդրում ու խնդրում.
– Մուխտա՜րս…, ե՛տ կանչեք Մուխտարիս: Գտե՜ք Մուխտարիս…
– Մուխտարն այլեւս ետ չի գա, Հասո՛ ախպեր: Նա քեզ փրկելու համար է զոհաբերել իրեն: Քո տված հացին արժանի էր նա, Հասո: Հալալ լինի քո տված հացը Մուխտարիդ:
Վաղ առավոտյան կսկծավոր Հասոն լեռներից բերում էր Մուխտարի ոսկորները: Ողբագին մի երգ մրմնջալով՝ փարախին մոտ մի փոս փորեց, Մուխտարի ոսկորներն իջեցրեց փոսն ու լալահառաչ ծածկեց դրանք: Հետո հանեց փափախը, դրեց հողաթմբի վրա, երկարորեն նայեց չորսբոլորն ու հեռացավ: Ոչ ոք չիմացավ՝ ուր:
Հասոյին այլեւս չտեսան այն կողմերում:
* * *
… Թուրք փաշայի անդուր հազոցից Մելիքն ուշքի եկավ: Հիշողությունները տարել էին նրան, ու չէր նկատել, որ փաշան կերել-վերջացրել էր սուփրայի ողջ պարունակությունը: Փաշան ձեռքն ալարկոտ շարժեց ու կողքի շրջվեց: Մելիքն սկսեց հավաքել դատարկ ամանները՝ զզվանքն ու ատելությունը հոգու խորքում թաքցրած: Նա ամանեղենը տեղավորեց սուփրայի մեջ, գլխով հրաժեշտ տվեց խալիների վրա անճոռնի փռված փաշային և դուրս եկավ: Աստիճանների վերևից Մելիքը նկատեց, որ կապկպված համագյուղացիների քանակն ավելացել է: Նա սրտի խորքում դեռ փայփայում էր հույսը, որ փաշան թույլ չի տա՝ թուրքերն իրեն նույնպես տանեն, սակայն…, էլի ահը սրտում սկսեց իջնել: Ոտքը վերջին աստիճանից գետնին դնելուն պես՝ երկու փրչոտ ասկյար բռնեցին նրա թևերից ու քաշեցին դեպի կապկպվածները: Մատուցարանն ընկավ գետնին: Աղմուկը երկինք բարձրացավ: Ջարդուփշուր եղավ ամեն ինչ…
Ասկյարները եռանդով կապկպեցին Մելիքի ձեռքերն ու խառնեցին մահվան դատապարտվածներին: Բոլորին հրամայեցին առաջ շարժվել: Շարժվեցին: Առաջ էին տանում, ինչպես գրաստների՝ հրմշտելով, սպառնալով, երբեմն՝ հրացանի կոթերով անխնա հարվածելով:
-Փաշա՜, ասկյարները Մելիքին տարան, փրկի՜ր…
Սոփիի սարսափահար ձայնից վախեցած՝ փաշան ուղղեց լխկած մարմինը:
-Փաշա, որդուս տարան, ա՛յ փաշա, Մելիքին… Էն որ հենց նոր հաց բերեց քեզ համար… Որ ամեն օր կերակուր է բերում քեզ… Փրկի՜ր որդուս, փաշա՜…,- անկանոն գոռում, ծնկաչոք աղերսում էր Սոփին:
Փաշան կիսանստած, անզգամ վրչաց, ապա ուսերը շինծու անմեղությամբ թոթվեց ու անտարբեր նետեց.
-Դե հայ տղամարդ է, պիտի տանեն…
-Տունս մի՛ քանդիր, փաշա՜,- ձեռքերն անօգնական դեպի փաշան մեկնեց Սոփին:
Փաշայի դեմքի մկաններն ինչպես անշարժ, անկենդան էին, աչքերն անասնական, այդպես էլ մնացին: Նա միայն քթի տակ փնթփնթաց.
-Օսմանյան կառավարության հրամանն են կատարում ասկյարները: Ես իրավունք չունեմ դեմ կանգնելու հայերի ոչնչացմանը…
Սոփին զգաց, որ արյունը պաղում է երակներում, սիրտը պատառոտվում, կտոր-կտոր է լինում: Նա ցնցվեց ու պոռթկուն արտասուքները հեղելով՝ կարծես շանթահար, դուրս թռավ: Անկանոն ճչանակում էր դրսում, անօգուտ օգնություն հայցում: Նրանից քիչ հեռու նույն դաժան իրողության արձագանքն էր կարծես: Կանայք ու երեխաները սուգ ու շիվան էին անում, անիծում փաշաներին՝ գնալով իրենց մահվան դատապարտված հարազատների ետևից: Ասկյարներից մեկը կրակեց իրենց հետևող սգավորների կողմը: Ամբոխը միաձայն ճչաց ու քար կտրեց տեղում… Իսկ մահակիրների թափորը շարունակում էր ընթանալ դեպի մահվան ճիրանները: Վերջալույսի հետ դանդաղորեն մարում էր սուգն ու ողբը: Արտասուքներն արդեն ցամաքում էին երկարորեն սգացող ժողովրդի աչքերից:
Առավոտյան գյուղում համատարած ողբը վերսկսվել էր:
-Տունդ քանդվի, փաշա՜, ինչ իմ տունը քանդեցիր: Դարձյալ Սոփին էր սուգ ու շիվան անում՝ որդեկորույս մոր մորմոքը սրտում:
Եղո բիձայի սայլն անցավ գյուղամեջով և կանգ առավ Սոփիի տան մոտ: Մոտեցող կանանց հետ Եղոն սայլից իջեցրեց Մելիքի դիակը, դրեց նստարան ծառայող քարի վրա: Վերջին ողբալի հրաժեշտը տալուց հետո Եղո բիձեն մոտեցավ սևավոր Սոփիին, սփոփանքի խոսքեր մրմնջաց ու խնդրեց նրան շրջապատած կանանց տուն տանել Սոփիին: Ապա, սայլի ետևից հազիվհազ քայլելով, շարժվեց դեպի գերեզմանոց: Եղոն երկու կնոջ հետ Մելիքին պատանով գերեզման իջեցրեց: Վշտից տոչորված նրա շուրթերն աղոթքի խոսքեր էին մրմնջում: Տանջող ցավն ուժասպառ էր արել նաև Եղոյին: Նա երկար ժամանակ հողաթմբի մոտ նստած սգում էր, գլուխն ափերի մեջ առած:
Իսկ նրանից քիչ հեռու, մի քանիսն էլ, անհասցեատեր գերեզմանափոսեր էին փորում…
Իսկ Սոփի՜ն…
Սոփին չէր կարողանում տուն մտնել: Աշխարհը մթնել էր նրա գլխին: Վրեժի ցասումից խելացնոր էր դարձել: Չէ՜ր հանդարտվում Սոփին: Նա զգաստացավ վախվորած մի երեխայի երկյուղած ձայնից, ով հայտնում էր, թե՝ փաշան ուտել է ուզում:
-Ես եմ տանելու,- ահագնացած զայրույթով գոռաց Սոփին: -Թուրքի շունը սոված է, ես եմ տանելու հացը…
…Սկուտեղի վրա փռած ծածկոցի տակ Սոփին դաշույն թաքցրեց: Մոտեցավ դեպի փաշայի սենյակ տանող աստիճաններին ու… Ու կարծես, տագնապ մտավ սիրտը: Սոփին նկատեց, որ փաշայի պահապան ասկյարը հրացանը հենել է աստիճաններին, և, քիչ հեռու, գրկել է ականջները նոր կտրած մի փոքրիկ շնիկի ու գուրգուրում է… Ու չհապաղեց Սոփին: Վրեժի զգացումը նրան հզոր ուժով մղեց դեպի հրացանը: Մտնելով փաշայի սենյակը, սկուտեղը նետեց գետնին և լիցքավորեց հրացանը՝ գոռալով.
-Ասում ես՝ օսմանյան կառավարության որոշո՞ւմն են կատարում ասկյարները… Սա էլ իմ որոշումն է, շուն… Սա քեզ Մելիքի տված աղ ու հացի դիմաց…
Փաշան չհասցրեց ճչալ: Սոփիի արձակած գնդակը, պատառոտելով նրա բերանը, դուրս եկավ ծոծրակից, ցնցելով ու փշրելով գանգը…
Նվիրվում է բարեկամիս՝ Ռաֆայել Մկրտչի Կարապետյանի հորեղբոր՝ թուրքերի կողմից անմեղորեն գնդակահարված Մելիք Սարգսի Կարապետյանի, ինչպես նաև նույն ճակատագրով զոհված Համամլիի (Սպիտակի) և նրա տարածաշրջանի մարդկանց հիշատակին
ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
«Առավոտ»
24.04.2018