«Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու»
Ապրիլի 13-ին կեսօրին մոտ, ոտքով անցնելով մոտ 200 կմ ճանապարհ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հասավ Երեւան եւ նշեց. «Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող է անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»:
Ապրիլի 13-ից Երեւանում մեկնարկեցին բողոքի ցույցեր: Ընդամենը մի քանի օրում Երեւանի Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Մեկ շաբաթ անց՝ ապրիլի 20-ին, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում անդրադարձավ իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին՝ նշելով, որ «պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում», եւ նշեց՝ «իշխանությունը այլեւս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին», եւ «երկխոսելն արդեն ուշ է, կՏպջՊ ցՔպս»:
Այնուամենայնիվ, նա հստակեցրեց, որ դա չի նշանակում, որ պատրաստ չի քննարկում ունենալ. «Մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ»: Ապա նա ներկայացրեց իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին: «1) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, 2) Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, 3) Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, 4) Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Այն բանից հետո, երբ որ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: «Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել Հանրապետականի ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Իշխանությանը հղված այս ուղերձից մեկ օր առաջ «Շանթ» հեռուստաընկերությանը՝ Արամ Աբրահամյանին տված հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծեց, թե Հայաստանը մեկ անգամ անցել է «այդ դառը ճանապարհը»: «Ախր գործողությունը պիտի նպատակ ունենա: Լավ, ես ինչ-որ չափով հասկանում եմ իրենց նպատակը՝ իրենք չէին ուզում, որ տեղի ունենա Ազգային ժողովի նիստը, բայց տեղի է ունեցել: Հիմա՞ ինչ են ուզում: Ուզում են գալ-մտնել էս շենք, իրե՞նք կառավարել: Ենթադրենք՝ ինչ֊որ մի պահ իրենց դա հաջողվեց: Հետո՞: Իրենց ո՞վ ա ընդունելու, իրենք ինչ ա՝ դառնալու են օրինական, լեգիտիմ իշխանությո՞ւն: Սերժ Սարգսյանը լինելու ա ոչ լեգիտիմ, ժողովրդին գրգռող, իսկ իրենք ժողովրդին հանգստացնող ու լեգիտի՞մ: Երբ որ մարդկանց գործողությունների մեջ տրամաբանություն չկա, շատ դժվար է հասկանալ, թե դեպքերը դեպի ուր կզարգանան: Ցավոք սրտի, մենք մի անգամ անցել ենք այդ դառը ճանապարհը: Եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ինչ ասեմ: Բայց Հայաստանի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ իրավապահ մարմինները եւս ունեն այդ փորձը, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի խուսափենք»: Միեւնույն ժամանակ, ըստ Սերժ Սարգսյանի, մարդկանց իրավունքները, ազատությունները ամենաառաջնայինն են. «Մենք երբեք, որեւէ պարագայում չենք գնա իրավունքների սահմանափակման»:
Սերժ Սարգսյանը պատմում էր, թե ինչպես է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրվել. «Քծնանքին ես, բնականաբար, շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաեւ շատ բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, ովքեր մարդկանց ասածները խեղաթյուրում են: Բայց արդյո՞ք դա քծնանք է, երբ որ կուսակցության ղեկավար մարմինները միաձայն որոշում են որեւէ մեկին՝ կոնկրետ անձի, կոնկրետ դեպքում՝ ինձ, առաջադրել վարչապետի թեկնածու: Հարցրեք բոլոր այդ խորհրդակցությունների մասնակիցներին՝ այլ կարծիքներ եղե՞լ են արդյոք, որեւէ հարկադրանք եղե՞լ է: Իհարկե, այդպիսի բան չի եղել, դա է որոշումը եղել, եւ հասկանալի չի, թե ինչու այդ կուսակցությունը այդպիսի իրավունք չունի: Դա որեւէ օրենքի խախտո՞ւմ է, ինչ֊որ խախտում կա՞ այդտեղ՝ չկա: Նրանք, ովքեր այդպես են մտածում, կարող էին ընտրությունների ժամանակ ավելի շատ քվե տանել, եւ իրենք առաջարկել իրենց նախընտրած թեկնածուին»:
Իսկ ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին իր պատասխանում Սերժ Սարգսյանը ներկայացնում էր իր պատկերացումը, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ. «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում եւ նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը եւ շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Իմ պատկերացումներով՝ նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»: Նա վստահեցնում է. «Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են եւ բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված»:
«Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս»
Ապրիլ 19-ին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մտահոգություն հայտնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կողմերին հրավիրեց երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:
«Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը եւ նրա մեծամասնության ձեւավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու եւ հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար: Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»: Արմեն Սարգսյանը կողմերին հրավիրեց երկխոսության՝ «ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»: Նա հիշեցրեց նաեւ, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:
Մեկ օր անց՝ ապրիլի 20-ին, Արմեն Սարգսյանն արդեն նշեց, որ պատրաստակամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով. «Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը: Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ՝ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ: Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվություն, խստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից: Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը»:
Կարեն Կարապետյանը պատրաստ էր նախաձեռնությամբ հանդես գալ
Ապրիլի 20-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը Արտակ Ալեքսանյանին տված հարցազրույցում նախ փաստեց, որ նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են եւ տրամաբանական լուծման են գալիս, եւ որ ապակայունության դեպքում տուժելու է երկիրը: Հարցին՝ ինքներդ պատրա՞ստ եք որեւէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որեւէ հարթակի, Կարեն Կարապետյանը միանշանակ պատասխանեց՝ «այո»: Դա առաջա՞րկ է այն մարդկանց, ովքեր հրապարակում են, Կարեն Կարապետյանը ընդգծել էր. «Այո, ես այդպես էլ ձեւակերպել եմ, ես առաջարկում եմ դա»:
Վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր. «Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է եւ հղի վատագույն հետեւանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության եւ սահմաններում տիրող իրավիճակի վրա: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի եւ ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբեւիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարեւորագույն գործոնը եղել եւ մնում է մեր ներքին կայունությունը: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ անվերապահորեն հետեւել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության եւ պատասխանատվության բարձր աստիճան: Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի եւ հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:
«Հիմնարար ազատությունների հարգումը ՀՀ «ձեռքբերումներից է»
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց «Առավոտ» օրաթերթի հարցերին: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, դրանց առնչությամբ միջազգային մամուլի ուշադրությանը՝ նա նշեց. «Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն, ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում, կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն եւ անդառնալի է»։ Ապա նա հավելել էր՝ ՀՀ-ում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետեւողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։ «Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլեւ շատ դեպքերում` նաեւ առավել, քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաեւ ԵԱՀԿ-ի եւ գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են: Ինչ վերաբերում է միջազգային մամուլի արձագանքին, ապա Դուք ճիշտ եք` բավական անդրադարձ եղել է: Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Սա էլ է կարեւոր ցուցանիշ»: Վերջում նա այսպես էր ամփոփել խոսքը. «Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղհասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են»:
Շարունակությունը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 24.04.2018