Գյումրու միակ ավագանու անդամը, որը օգնել է ցուցարարներին թավշյա հեղափոխություն իրականացնելու, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Ավետիս Առաքելյանն է՝ Վարդան Ղուկասյանի փեսան։ Նրա անունը երեկ հնչեցրեցին Գյումրու Թատերական հրապարակում՝ ժողովրդական հաղթանակը տոնելիս։ Առաքելյանն էլ բեմ բարձրացավ ու խրոխտ ելույթ ունեցավ ժողովրդի առջև։
Ավելի ուշ ելույթ ունեցավ նաև Գյումրու նախկին քաղաքագլուխը՝ Վարդան Ղուկասյանը հաստատելով Armlur.am-ին ասած այն խոսքերը, որ իր ձեռքով ոչ մեկը գաղութ չի ուղարկվելու։ «Ձեր ցավը տանեմ, ոնց որ խոսք եմ տվել, էդ դավաճան կնոպկեն չեմ սղմե, չեմ էլ սղմելու, թեկուզ կյանքիս գնով»,-ասաց Վարդան Ղուկասյանը։
Հռետորական ձիրք ունեցող պարոն Ղուկասյանին բուռն ծափահարեցին։
Այն, որ Վարդան Ղուկասյանը հրճվանքի մեջ է Սերժ Սարգսյանի հրաժարականով, այս մասին փաստում է նաև օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ նա մի քանի անգամ բացականչում է «Քայլ արա, մերժի Սերժին», այնուհետ մոտ գալով տեսախցիկին՝ կոչ է անում․ «Ճվա, քայլ արա, մերժի Սերժին»։
Թե ինչո՞ւ տարիներ առաջ «Հանրապետական կուսակցության ջանին ղուրբան եղնող, ցավը տանող», նաև Սերժ Սարգսյանի օրոք իր բիզնեսները ծաղկեցնող, շքեղ հյուրանոց կառուցող Վարդան Ղուկասյանն այդքան ուրախացել Սերժ Սարգսյանի գահընկեց լինելով, կոչ է անում մերժել նրան, պատճառն ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին մերժեց նրան ու սա արեց ոչ թե օրինական ձևով․ կատարած խախտումների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատժելով, այլ պարզապես չթույլատրելով Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ