Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 24-ը ոչ միայն եւ ոչ այնքան սգո օր է, որքան՝ պայքարի եւ վրիժառության. ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյան

Ապրիլ 24,2018 08:30

ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՍՐԲԱԴԱՍՎԱԾ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 24-ին Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը, աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը ոգեկոչում են 1915 թվականի հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը:

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահներն այս տարելիցին վերաբերվում են գիտակցմամբ, որ ապրիլի 24-ը ոչ միայն եւ ոչ այնքան սգո օր է, որքան՝ պայքարի եւ վրիժառության: Ամեն մի ապրիլի 24 մի հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց արարչաստեղծ ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման, բնական հայրենիքին վերատիրանալու օբյեկտիվ պահանջը:

Եթե 21-րդ դարում էլ չքաղաքակրթված թուրքական իշխանությունների հույսն այն էր, թե ցեղասպանության հարյուրամյակի տարով կսպառվի հայության՝ արդարադատ պայքարի ռեսուրսը, ապա նրանք չարաչար սխալվում էին: 2015 թվականը մի նոր սկիզբ դարձավ, եւ աշխարհասփյուռ հայությունը նոր եռանդով ու անհուն նվիրվածությամբ է պայքարում ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ արդարացի հատուցման համար:

Երկրապահ կամավորականների միությունն էլ մշտապես եղել է ավելի շատ գործի, քան խոսքի կազմակերպություն: Ու պատահական չէ, որ ցեղասպանության հարյուրամյակի տարում մենք նախաձեռնեցինք Հայաստանի բոլոր տարածքներում, Երեւանի վարչական շրջաններում, Արցախի բոլոր շրջաններում, Երուսաղեմում, Օդեսայում, Սփյուռքի այլ գաղթօջախներում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը: Արդեն հարյուրից ավելի նմանատիպ խաչքարեր ենք կանգնեցրել, վերակենդանացրել: Եվ պրոցեսն այս շարունակական է:

Երկրապահը նաեւ պատանի, երիտասարդ երկրապահների համար կազմակերպվող հրամանատարասերժանտական դասընթացներով, նոր սերնդին հայրենասիրական դաստիարակություն հաղորդելով է պայքարում հայության իրավունքների վերականգնման համար: Մենք, հայ առաքելական եկեղեցու, գործընկեր կառույցների հետ համատեղ, նպաստում ենք ՀՀ լիարժեք քաղաքացիների կերտմանը, հոգ ենք տանում, որ վաղվա Հայաստանի, Արցախի տերերը, այսօրվա պատանիներն ու աղջիկները պատրաստ լինեն պաշտպանել սրբություններն ու սերնդեսերունդ փոխանցեն հզոր, առաջադեմ, միասնական Հայաստանի կայացման փափագը:

Հայոց արդար պահանջատիրության իրացման համար լրջագույն աշխատանք են տանում Հայաստան պետությունն ու Սփյուռքի հայկական կազմակերպությունները: Անշուշտ, պետք է երախտապարտ լինենք նաեւ ցեղասպանության փաստն ընդունած եւ դատապարտած պետություններին, միջազգային կառույցներին, առաջադեմ մարդկությանը, միջազգային հանրությանը: Հեռու չէ այն օրը, որ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ կհարկադրեն Թուրքիային եւս ճանաչել ցեղասպանության փաստն ու հրապարակավ հայցել հայերի ներողամտությունը: Այդ օրն ինքներս պետք է մոտեցնենք՝ մեր ամենօրյա աշխատանքով, մեր միասնականությամբ, հետեւողականությամբ: Միասնության պահանջը, միասնաբար համազգային ծրագրերի իրագործմանը լծվելու պահանջը գերխնդիր է, դա բխում է մեր ազգային, պետական անվտանգության շահից:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ  ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30