«Սերժ Սարգսյանի քայլը, նրա լայնախոհության եւ իր՝ ժողովրդի զավակ լինելու երեւույթն է ընդգծում: Դա միայն դրվատանքի է արժանի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
ՀՀԿ-ում կամ գոնե կուսակցության գործադիր մարմնում Սերժ Սարգսյանի հրաժարականը չի քննարկվել. «Ժամանակը թույլ չտվեց, արագ որոշում պետք էր կայացնել՝ ապրիլի 24-ի հետ կապված: Դա էր պատճառը»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ, երբ խոսում էր այն մասին, որ իրավիճակի հանգուցալուծման մի քանի տարբերակներ կան, բայց դրանցից ոչ մեկն իրենը չէ: Գագիկ Մինասյանը դժվարացավ ասել:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ուժի կիրառո՞ւմը նկատի ուներ: Պատասխանեց. «Բայց որ սկսում եք արդեն գուշակել… պետք չէ գուշակությամբ զբաղվել»:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել էր. «Գիտեմ, որ քննարկվում էր արտակարգ դրության հայտարարում, ուժի կիրառում… բազմաթիվ տարբերակներ կային… Բոլոր տարբերակները չէին կարող լինել առանց արյունահեղության: Եվ կարծում եմ՝ նա շատ ճիշտ քայլ արեց ու չկիրառեց որեւէ բան»:
Հարցին՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ ականջալուր չէր լինում այն բոլոր խնդիրներին, որոնք բարձրաձայնվում էին, մարդիկ պարտադիր պետք է փողոց դո՞ւրս գային, հետո միայն իրավիճակի լրջությունը գնահատվեր, Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Ձեր գնահատականն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Եթե դուք նայեք, թե ինչպիսի բարեփոխումներ են եղել վերջին ժամանակներում՝ ձեր կարծիքը կփոխեք»:
Դիտարկմանը՝ եթե ձեր նշած բարեփոխումները շոշափելի եւ տեսանելի լինեին, այսքան մարդ փողոց դուրս չէր գա, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց՝ դրա համար մի քանի տարի շարունակ պետք է տնտեսական աճ ունենանք, ինչը չենք ունեցել «հայտնի պատճառներով»:
Նա վկայակոչում է անցյալ տարվա 7,5 տոկոս տնտեսական աճը, ասում է՝ այս տարի էլ է բարձր տնտեսական աճ նախատեսվում. «Եվս մեկ-երկու այդպիսի տարի՝ եւ մեր հասարակության զգալի մասը կզգա բարեփոխումների դրական ազդեցությունը»:
Գագիկ Մինասյանը չգիտե՝ տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություններ կթողնի մեր կյանքի վրա: Ասաց՝ առաջիկան ցույց կտա:
Մեր զրուցակիցը չի լսել երեկոյան, հանրահավաքում հնչած ելույթները, ուստի հարցին՝ ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է Հայաստանն առաջ տանեն, չպատասխանեց:
Ասաց, որ Սերժ Սարգսյանը կմնա ՀՀԿ-ի ղեկավար՝ անկախ ամեն ինչից: Գագիկ Մինասյանը չպատասխանեց նաեւ արտահերթ ընտրությունների պահանջի մասին հարցին: Ասաց՝ կյանքը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ