Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղը հերոս գյուղի համարում ունի, 1992թ. դեկտեմբերի 29-ին ադրբեջանցի ելուզակները զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժեցին գյուղ, զոհվեց Վազաշենի 11 բնակիչ, հակահարձակման հետեւանքով ոչնչացվեց ադրբեջանցի ավելի քան 60 ելուզակ, Վազաշենը կանգուն մնաց:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ 887 բնակիչ ունեցող Վազաշեն գյուղն ընդհանուր առմամբ 1650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող ունի, որից շուրջ 1500 հեկտարը սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով վազաշենցիների կողմից չի մշակվում: Մնացած 150 հեկտարից 75 հեկտարը գյուղացիների տնամերձ հողատարածքներն են, որոնք վազաշենցիները մշակում են, այդ կերպ իրենց օրվա հացի խնդիրը լուծում:
Վազաշենը մոտ 60 հեկտար վարելահող ունի, որը չի մշակվում, ներկայումս ընդամենը 5 հեկտար աշնանացան ցորեն է ցանված: Խորհրդային տարիներին Վազաշենի հողատարածքները ոռոգվում էին հարեւան`Այգեհովիտ գյուղի մաս կազմող Կայանի տարածքից, Աղստեւ գետից սնուցվող ոռոգման պոմպակայանի միջոցով: 1991 թվականից մինչ այժմ պոմպակայանը չի գործում, Վազաշենի հողերը չեն ոռոգվում:
Վազաշենից ստացված տեղեկատվությամբ`գյուղի հողերից մի քանի հարյուր հեկտարը հրադադարի հաստատումից հետ հայտնվել է գյուղի պաշտպանական դիրքերից այն կողմ: Ադրբեջանցիները Վազաշենի այդ վարելահողերը մշակում են, այնտեղ ցորեն եւ գարի ցանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ