Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո եկավ Գյումրու Թատերական հրապարակ ու ելույթ ունեցավ հաղթանակ տոնող ժողովրդի առջև։
Ժողովուրդը ծափողջյուններով ընդունեց մարզպետին, թեևս այն պատճառով, որ Արթուր Խաչատրյանը միակ պաշտոնյան էր, որն այս օրերին հանդիպում էր ցուցարարների հետ, նրանց պահանջով վայրկենապես դուրս էր գալիս մարզպետարանի շենքից, լսում էր, զրույցի բռնվում։
Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին «սթրեսով լի, խիստ նյարդային» 10 օրերի ընթացքում մեծ ինքնատիրապետում դրսևորելու ու Շիրակի մարզում, Գյումրիում որևէ «անկարգություն, խժդժություն ու բախում» թույլ չտալու համար։
«Այսօր մեզ համար շատ ուրախ օր է, կարողացանք ցույց տալ, որ միահամուռ կարող ենք հասնել այն փոփոխություններին, որոնք ակնկալված են եղել, որը մենք ցանկացել ենք։ Հիմա շատ կարևոր է, որ այս ձեռքբերումները, որ մենք այսօր արձանագրել ենք, կարողանանք տարածել հետագայի վրա նույնպես, որ այս հեղափոխության արդյունքները կարողանանք ճիշտ օգտագործել։ Սրբազանը ճիշտ ասաց՝ խորհելու ժամանակն է։
Շնորհավորում եմ բոլորիդ ևս մեկ անգամ, հրավիրեցիք, հրավերը չմերժեցի, եկա։ Հույս ունեմ, որ հավաքական կամքով ու մտքով կկարողանանք մեր երկիրը բերել այն վիճակին, որը մենք բոլորս տենչում ենք»,- ասաց մարզպետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ