Կարեւոր եմ համարում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի արձագանքը Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ թավշյա հեղափոխության մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց, որ բացառելու են վրեժխնդրությունը իշխանության փոխանցումից հետո:
Փաշինյանը մինչ այս իր ելույթում նշել էր, թե Սերժ Սարգսյանի այսօր արած հրաժարականից հետո ինչ քայլեր են անելու:
Ըստ այդմ՝ Ազգային ժողովը վարչապետ պետք է նշանակի ժողովրդի թեկնածուին: Վարչապետի նոր թեկնածուի նշանակումը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Ապա, ըստ Փաշինյանի՝ ժողովրդի առաջարկած վարչապետի թեկնածու նշանակելուց հետո ձեւավորվելու ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է, հնարավորինս շուտ, տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանը նաեւ նշել էր, որ չորեքշաբթի օրը հանդիպելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, բանակցելու է իշխանության անցնցում փոխանցման շուրջ:
Ապա` շարունակելով ելույթը Փաշինյանն ասաց. «Ովքեր կարծում էին, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, դիմում եմ նրանց, ովքեր ճամպրուկներն են հավաքում, կամ մտածում են հավաքելու մասին, ուզում եմ դիմել քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն, մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն, «վենդետա», ու ճամպրուկները հավաքում են, կապիտալը Հայաստանից հանելու մասին են մտածում, հարգելիներս, մի՛ արեք այդ բանը, որովհետեւ «վենդետա» չի լինելու»:
Փաշինյանն ասաց, որ հաստատվելու է ազգային միասնության եւ օրինականության մթնոլորտ: Նա շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, նշելով՝ «Ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում կատարյալ չեզոքություն պահպանեցին ու չտրվեցին սադրանքներին ու գայթակղությանը»:
Ապա` Փաշինյանը ներկայացրեց շարժման պահանջները՝ այս ընթացում շարժման մասնակից բոլոր ձերբակալվածներին եւ կալանավորվածներին մինչեւ օրվա վերջ ազատ արձակել. «Հաջորդ մեր քայլը՝ քաղբանտարկյալների խնդիրն է լինելու, բոլորը պետք է ազատ արձակվեն: Ոստիկանությունը դադարեցնում է շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը: Բայց ես նաեւ ուզում եմ մենք հստակ պայմանավորվենք՝ մի հարցում պարզ է, Հայաստանում, ի դեմս ժողովրդի, կա նոր իշխանություն, որը ի վիճակի է իրավիճակը պահել 100%-ով կառավարելի»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց. «Սա զտարյուն հայկական, թավշյա հեղափոխություն է: Տարբեր երկրներն այս ուղերձն ի գիտություն են ընդունել: Կարեւոր եմ համարում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի արձագանքը Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ թավշյա հեղափոխության մասին: Նա ասել է՝ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է: Հույս ունեմ նմանատիպ արձագանք կլինի միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից»:
Վաղը Փաշինյանի համակիրները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու:
Այս պահին տոնական համերգ է: Փաշինյանը հավաքվածներին կոչ է արել որեւէ անթույլատրելի արարք չկատարել, եւ որեւէ ծառի ճյուղ չվնասել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
վրեժով ծարավ չէ ՀԱՅ ազգը, բայց մինչ այժմ եղած բոլոր արտոնյալները այևս չպիտի լինեն և պետք է պատասխան տան այսուհետ օրենքի առաջ