Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրֆայի պատմական հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերման եզրին է

Ապրիլ 23,2018 23:30

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին ոչնչացման եզրին է։ Թուրքիայի Մարդասիրական օգնության միության ներկայացուցիչ Հաթիջե Թաքուշի խոսքով՝ եկեղեցու մշտական հյուրերն այսօր միայն գանձախույզներն են։

«Եթե այցելեք Գերմուշի եկեղեցի, ներսում և դրսում կտեսնեք բազմաթիվ մեծ ու փոքր անցքեր։ Անցքեր, որոնք փորվում են մեկը մյուսի ետևից՝ առանց նախորդները փակելու։ Ճակատագրի քմահաճույքին հանձնված, լքված այս եկեղեցու ճակատագիրը, ցավոք, միայն այս փոսերն են որոշում։ Եկեղեցին օրեցօր ավերվում է», – պատմում է Թաքուշը։

Նրա վկայությամբ՝ Գերմուշը նախկինում հայաբնակ գյուղ է եղել։ «Հայտնի է, որ այստեղ նախկինում շուրջ 700 հայ ընտանիք է ապրել։ Հայկական եկեղեցում արձանագրություններ չկան, ուստի կառուցման տարեթիվը հստակ չգիտենք։ Սակայն ենթադրվում է, որ այն 19-րդ դարի կառույց է», -հավելել է միության ներկայացուցիչը։

Շանլըուրֆայում բնակվող մեկ այլ վկա էլ, ում անունն աղբյուրը չի հրապարակում, մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ 7 եղբայրների կողմից։ «Մինչև 2015թ․ կառույցն օգտագործվել է որպես անասնագոմ։ Դա դժգոհություններ առաջացրեց, ինչից հետո այստեղ այլևս կենդանիներ չբերեցին։ Թուրքիայի պաշտոնաթերթի 2011թ․ հոկտեմբերի 23-ի թիվ 28093 համարում հրապարակվեց մի որոշում, ըստ որի Մշակույթի նախարարությունը եկեղեցին պիտի վերածեր զբոսաշրջության զարգացման կենտրոնի։ Տարածքում ցուցանակ տեղադրվեց, բայց համապատասխան պաշտոնյաները մինչ օրս այս պատմական եկեղեցու և շրջակայքի պահպանման ու վերականգնման համար որևէ աշխատանք չեն սկսել», – պատմել է քաղաքացին։

Նա հավելել է, որ Գերմուշ գյուղում նախկինում ևս մի եկեղեցի է եղել, սակայն լքված ու անխնամ կառույցը աստիճանաբար ավերվել է, և այսօր նրա տեղում միայն քարերի կույտ  է մնացել։ Շանլըուրֆայի քաղաքացին կոչ է արել իշխանություններին՝ ոչ թե միայն խոսքով, այլ  իրապես պաշտպանության տակ առնել պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերանորոգել այն և վերաբացել՝ որպես քրիստոնեական ուխտատեղի։

Աղբյուր`    Cumhuriyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30