«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասաց, որ ապրիլի 25-ին, Մարիոթ հյուրանոցում ժամը 11.00-ին պատրաստվում է հանդիպել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Փաշինյանի խոսքերով՝ այս հանդիպման ժամանակ բանակցելու են իշխանության անցում փոխանցման մասին. «Ես հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցության վերնախավը միանշանակ եւ անվերապահորեն կճանաչի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Եվ այս փաստի արձանագրումը, որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության համար: Ես ուզում եմ մենք միանշանակ եւ աներկբա հաստատենք՝ մեր թավշյա հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ: Այն պետք է շարունակվի մինչև վերջ եւ հույս ունեմ, որ բոլորդ կանգնած եք հանուն այդ վերջնական հաղթանակի: «Քայլ արա, մերժիր Սերժին»»:
Ապա Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ-ն չփորձի շարունակել ստվերային կառավարում իրականացնել. «Ես հորդորում եմ մոռանալ այդ միտքը: Ժողովուրդը հաղթել է, եւ այս հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ