Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։
«Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։
Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն 10 օր շարունակվող բողոքի ցույցերին միացել են նաև 100-ավոր զինվորականներ։
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ցուցարարների շարքերում զինվորներ կան և նշել, որ այդ զինվորների նկատմամբ խստագույն իրավական պատժամիջոցներ կկիրառվեն», -գրում է «Milliyet»-ը։
Իսկ «Hürriyet» թերթի կայքը հիշեցնում է, որ ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին հայտարարել էր երկրում թավշյա հեղափոխություն սկսելու մասին։
«Habertürk» լրատվակայքը լուրին կցել է նաև հայ զինվորների երթը պատկերող տեսանյութ։ Լուրերում տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված են զինվորական համազգեստով ցուցարարներ։
Աղբյուր` Ermenihaber.am