Այնպես չէ, որ մենք բոլորս հարում ենք «ԵԼՔ»-ին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարներին, սա ժողովուրդն է, ընդվզում է, այն ամենի դեմ՝ ինչ որ արվում է 20-25 տարիների ընթացքում»,-այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:
Դերասան Արման Նշանյանը, որը նույնպես մասնակցում էր այդ քննարկմանն, ասաց, որ սա պայքար չէ, սա արդեն մտածելակերպ է. «Ես արվեստագետ եմ, քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց ինչպես գիտենք Վերնատան ժամանակներից մինչ այսօր, արվեստագետները միշտ եղել են ճշտի կողմնակից, որովհետեւ արվեստը չի կարող ստել, երբ արվեստը ստեց, դա լինում է ուրիշ բան: Սա ինձ համար առաջին հերթին մշակութային հեղափոխություն է: Այն ինչ կատարվել է այսքան ժամանակ մեր մշակույթի հետ, շատ ցավալի է, որովհետև մենք արարող ազգ ենք, մենք շատ տաղանդավոր ազգ ենք եւ այն ճնշումը, որ կիրառվել է, այն կարեւորությունները, որոնք մեր առաջ դրվել են՝ լինի քարոզչությամբ կամ այլ միջոցներով, ստիպել են մտածել մեր երիտասարդությանը, որ կարեւորն այդ է մեր ազգի համար, քան այն ինչը կա»:
Արման Նշանյանի խոսքով, թատրոններում, օպերայում, հեռուստատեսությունում այսպիսի անկում չի եղել. «Մեր ղեկավարը ով էլ որ լինի կարեւորը լինի մշակույթի զարգացմանը կողմնակից: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ժողովրդին ճնշելու, կարիք չկա հասկանալ, որ դրանք պարզապես անընդունելի են:
«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը, որը երեկ մի շարք արվեստագետների հետ հրաժարվեց վաստակավորի կոչումից, «Մեդիա» կենտրոնում իր այդ քայլը բացատրեց այսպես. «Ես երաժիշտ չեմ, մենեջմենթով եմ զբաղվում, որը ամեն հարցում կարեւոր է, թե ընտանիքի, թե երկրի եւ ամենուր: Չես կարող ամեն րոպե ասել, որ կոնսերվատորիան ոչնչացրեցին, որ մեր երաժշտական տարբեր հաստատություններ շատ տարօրինակ ձեւով են ղեկավարվում, այնպիսի մարդիկ են կառավարում երաժշտական օջախներ, որ տարօրինակ է: Սա համակարգային մենեջմենթի բացակայություն է, իսկ ո՞վ պետք է երկրի մենեջերը լինի, մենք գիտենք, այդ պատճառով այդ հայտարարությունից հետո, երբ մարդիկ հայտարարում են, որ երկրում մարտի մեկ պետք է լինի, միակ բանը որ ես կարող եմ հրաժարվել այն կոչումից, որ ես ստացել եմ այս երկրի ղեկավարից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի