Այսօր ազատ արձակված պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այս պահին շարունակում է ցուցարարների հետ երթով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք նա ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, պատգամավորն ասաց. «Այո, նա եկել է իմ խուց»:
Թե ինչ են խոսել կամ ինչ-որ բան պայմանավորվել են, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց. «Այսօր երեկոյան այդ մասին կխոսենք կամ կհայտարարենք»:
Հիշեցնենք, որ այսօր 19 00-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է սպասվում:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ իրենց ծրագրում եւ պահանջներում ոչինչ չի փոխվել, դրանք ուժի մեջ են: «Առաջարկում եմ երկու ժամ դադար վերցնենք, տեսնենք՝ ինչպե՞ս են զարգանում իրադարձությունները: Կհանդիպենք հանրահավաքում»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ