ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է «Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։ Միջոցառումներն իրականացվում են նաև ծառատունկ-շաբաթօրյակների միջոցով:
«Հայ-բելառուսական բարեկամության անտառի» հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության անտառների կառավարման հանրապետական «Բելգոսլես» ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, ազգային պարկի տարածքում՝ շուրջ 10 հեկտարի վրա իրականացրել են 60 հազար սոճենու տնկման աշխատանքներ: Տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին: ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ապրիլի 16-ին մեկնարկել է և 21-ին ավարտվել է սոճենիների տնկման աշխատանքներ: Ապրիլի 21-ին ծառատունկ է իրականացվել Ծովագյուղ համայնքի հարակից տարածքում: Անտառատնկման ենթակա բոլոր տարածքները ցանկապատված են փշալարերով, ինչը պաշտպանում է տնկիները ընտանի կենդանիներից և էականորեն բարձրացնում է դրանց կպչողականությունը։ 2 հեկտար տարածքի վրա տնկման աշխատանքներ են իրականացվել նաև «Սևան» ազգային պարկի Մարտունու տարածաշրջանում, որտեղ տնկվել են 3-5 տարվա սոճենու տնկիներ։
ՀՀ բնապահպանության նախարարությունը Բելառուսական «Բելգոսլես» ընկերությունից ստացված սոճենու տնկանյութից 200 հատ հատկացրել է Եռաբլուրին Ապրիլյան պատերազմի զոհերի համար նախատեսված պուրակի հիմնման նպատակով։ Առաջարկը ստացվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից մեկի՝ Արմենակ Ուրֆանյանի ծնողի կողմից։ Եռաբլուրում ծառատնկման արարողությանը մասնակցել են հերոսի հարազատները, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողները և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները՝ նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանի գլխավորությամբ։
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում ապրիլի 21-ի ծառատունկ-շաբաթօրյակների ժամանակ ևս երկու հեկտարի վրա իրականացվել է 2000 տնկանյութի տնկման միջոցառումներ։
ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեն մինչև մայիս ամիսը 25 հեկտար տարածքի վրա իրականացնելու է 75 հազար տնկանյութի անտառատնկման, անտառվերականգնման և խնամքի ընթացիկ աշխատանքներ:
ՀՀ բնապահպանության նախարարություն