Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանն այսօր հայտարարեց, որ առավոտյան հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որն առաջարկել է նստել սեղանի շուրջ՝ խաղաղ լուծում գտնելու համար: «Նա մի պայման առաջ քաշեց, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշում: Այսինքն, երթերն ու հավաքները պետք է դադարեն: Ես պատասխանեցի, որ մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-նշեց Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ շարժման ներկայացուցիչներից ոչ ոք չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից. «Մեր շարժման անունից որեւէ մեկը չի կարող նման կոչով հանդես գալ: Նաեւ ասացի Արա Բաբլոյանին, որ եթե ԱԺ-ն պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում կայացնի, ապա դա կկատարի մեկ հոգու քաղաքական պատվեր, ինչը խայտառակություն կլինի մեր երկրի եւ խորհրդարանի համար»:
Պատգամավորի փոխանցմամբ՝ հետաձգվել է նաեւ այսօրվա ԱԺ նիստը, որը նախատեսվել էր 14:00-ին՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով. «Այսինքն, նման որոշում դեռեւս չկա: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շարժման ղեկավարներին: Քաղաքացիներին էլ կոչ եմ անում այսօր 19. 00-ին գալ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: Հաղթանակը շատ մոտ է, սիրելի քաղաքացիներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ