Հայրենակիցնե՛ր…
Հայոց աշխարհը կրկին փոթորկում է ըմբոստության հորձանուտում: Ողջունելով ժողովրդի արդար ընդվզումը հայ ինքնությանը խորապես խորթ ու անընդունելի արատավոր համակարգի դեմ, մեր վրդովմունքն ենք հայտնում իշխանության բռնի վարքագծի հանդեպ։ Պայքարի ելած երիտասարդության զարթոնքի հանդեպ բռնության ցանկացած փորձ ընկալում ենք որպես հանցագործություն հայ ժողովրդի, նրա ապագայի հանդեպ:
Միաժամանակ իրավիճակը գնահատում ենք որպես մեր իրական երկրի ու ազգային իղձերի իրականացման բացառիկ հնարավորություն:
Պահը պատմական է, դուրս գալու տասնամյակների ոչ մի տեղ չտանող տրորված ճանապարհների փակուղուց…
Մեր կոչն առաջնահերթորեն հղում ենք հայ մտավորականությանը…
Ճակատագրական այս օրերի պատասխանատվության կրողը դո՛ւ ես…
Տե՛ր կանգնիր ժողովրդի արդար պայքարին, հրաշալի երիտասարդության ինքնամոռաց ընդվզմանը։
Մեր առջև հառնել է դարերի և պահի անկասելի հրամայականը՝ համատեղելով
համայն հայության ներուժը, հռչակել ու կայացնել աշխարհասփյուռ նոր Հայքը, որպես ճգնաժամ ապրող աշխարհին ուղղած առաջադիմության ու համերաշխության նոր, ուրույն արժեհամակարգ, խարսխված արդարության և մեր ինքնության վրա, արարման կենտրոն հռչակելով հայոց բնօրրանը՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը:
Ապրիլի 24 –ի ողբերգության խտացումը դարձել է մեր կյանքի անբաժան ուղեկիցը… Ապրիլի 24 –ին պիտի հաջորդի ապրիլի 25 –ը։ Մենք պարտավոր ենք մեծագույն ողբերգությանը հակադրել համազգային նվաճումներ:
Ապրիլի 24 –ին, զոհերի հիշատակի հանդեպ մեր տուրքը մատուցելու հետ մեկտեղ ոգեկոչենք նաև լույս 25 –ի վերածնության խորհուրդը… վերագտնելով հայ ժողովրդի ամբողջականությամբ ապրելու բնականոն իրավունքը, նոր Հայաստանի կերտողն ու քաղաքացին լինելու գործուն վճռականությամբ։
Մեզ սպասում է ամենօրյա համառ, ստեղծագործ աշխատանք, մեծագործությունների մղող ոգևոր նվիրում։
Ապրիլի 25 –ից սկսվում է Նոր Հայաստանի Պատմությունը…
Պահը ճակատագրական է…
Վերագտնենք լույս արարելու մեր պատմական առաքելությունը։
Վիգեն Ավետիս – Նկարիչ /Իտալիա/
Լևոն Բեկլարյան – Քաղաքագետ /Ռուսաստան/
Արթուր Օշականցի – Նկարիչ /Անգլիա/
Հրաչյա Արզումանյան – Քաղաքագետ /Արցախ/
Անահիտ Այվազյան – Բանաստեղծուհի /ԱՄՆ/
Լևոն Թորոս – Ճարտարագետ, գործարար /ԱՄՆ/
Հակոբ Ալիքսանյան – ՚Ճարտարագետ /ԱՄՆ/
Հայկ Ծերունյան – Գործարար /ԱՄՆ/
Վարդենի Մոսդիչյան – Նկարչուհի /ԱՄՆ/
Հակոբ նազարյան – Ճարտարագետ /ԱՄՆ/
Տիգրան Հակոբյան – Նկարիչ /Հրվ. Կորեա/
Խաչիկ Չալիկյան – Ռեժիսոր /Հայաստան/
Հ.Գ. Ստորագրահավաքը բաց է… Միացեք վերածնվող Հայրենիքի և նրա
նոր մտավորականության կայացման գործընթացին…