«Ժողովուրդ ջան, խնդրում եմ, գոնե թողեք տուրիստներով ավտոբուսն անցնի, մեջը կին ու երեխա կա»,-կես ժամ է՝ այսպես համոզում են սեւանցիներին, իշխանության ներկայացուցիչները, որպեսզի սեւանցիները բացեն ճանապարհը տուրիստներով ավտոբուսների համար, որոնք գնում են Դիլիջան:
«Սիրուն կլինի,՞ որ ձեր ճամփեն Ֆրանսիայում կամ Ամերիկայում փակեն, հատկապես, որ լինեք երեխաների ու կանանց հետ»,-փոխմարզպետն այսպես էր փորձում հորդորել ցուցարարներին, որ ճանապարհը բացեն:
«Էնքա՜ն են փակել, Ռուսաստանում էնքան են փակել»,-հակադարձեցին ցուցարարները:
Մի քաղաքացի էլ ասաց՝ բերեք իմ էրեխուն ինձ տվեք, ձեր համար գնացել արյուն ա թափել»:
Մեկ այլ երիտասարդ էլ դիմելով պաշտոնյային ասաց՝ ավելի լավ ա մեր համար գործ ճարեք, «Քեզ ինչ կա, քո գործերը լավ են, քեզ ինչ կա՞, 80 հազար դրամով դու կապրեի՞ր, բոլորս վարկի տակ ենք»:
Սեւանցիները պնդում են, որ ճանապարհը չեն բացելու՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանին եւ մյուս պատգամավորներին բաց չթողնեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ