ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքով, այսօր իրեն հաջողվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. «Մեր խոսակցությունը ստացվեց եւ հույս ունեմ, որ շարունակվի, թեպետ, առայժմ, կոնկրետ արդյունքներ չկան»,-ասաց պարոն Մարգարյանը:
Հրանտ Մարգարյանն ասաց, որ անցած 5-6 օրերի ընթացքում տարբեր կողմերի, անձերի հետ այդպիսի հանդիպումների մեջ են եղել, որպեսզի կարողանան լուծում գտնել երկրի առաջ կանգնած «այս թնջուկին»:
«Կարեւորն այն է, որ մենք, իբրեւ դաշնակցություն, համաձայն չենք ձերբակալությունների հետ, նաեւ դեմ ենք, երբ վերջնագրերով են խոսում: Մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է երկխոսություն՝ հանուն այս երկրի եւ հանուն այս ժողովրդի: Պետք է մենք կարողանանք սթափվել, առիթ տալ, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, որ այդ լուծումը գտնենք եւ երկիրը ցնցումների չմատնվի: Կարեւոր է, որ փողոցն այս պահին շատ ավելի զգույշ լինի, ժողովրդային շարժումը շատ ավելի զգույշ լինի, սադրանքների չենթարկվի, խաղաղ բնույթը պահպանի, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ լուծում գտնվի»:
Հրանտ Մարգարյանի խոսքով իրենք ամեն ինչ անում են եւ դրա մեջ ոչ անհատական, ոչ էլ՝ կուսակցական շահն է, այլ՝ երկիրը եւ ժողովուրդը, որ հիմնական արժեք է. «Մենք դրան ենք հավատում եւ դա է, որ պիտի համոզում դարձնենք բոլորի, որ հանուն երկրի, ժողովրդի, բոլորը պարտավոր են զիջել, ինչ-որ բան պետք է զիջել, որպեսզի ելք գտնվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ