«Մենք կիսում ենք այն դրույթները, որոնք պարունակում է այդ հայտարարությունը եւ ոչ միայն, որ Հայաստանը լիովին հարգում է հավաքների ազատ իրավունքը, այլ գործնականում ապահովում է դրա կիրառումը»,- քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ԵՄ-ի կողմից երեկ արված հայտարարությանը:
Ասաց՝ վերջին երկու օրերի ընթացքում հանդիպում ենք միջազգային կառույցների մեր գործընկերների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այս տեսակետը նաեւ այդ զրույցների ժամանակ է ինքն արտահայտել: «Հայաստանի օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների համաձայն՝ Հայաստանը շարունակելու է նույն մոտեցումը»,- ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հավաքի մասնակիցներն էլ իրենց հերթին պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը: Այս ամենը Էդվարդ Նալբանդյանն ասաց՝ հստակեցնելու համար երեկ, ԵՄ հայտարարության մասին, իր կարծիքով թյուրընկալում առաջացնող հրապարակումները:
Նա հավանաբար ոչ ճիշտ թարգմանության արդյունք է որակում վերնագրերը, որ ԵՄ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին:
Ասաց նաեւ, որ այս իրադարձությունները բավական խոչընդոտում են տարբեր պետական հիմնարկների, այդ թվում նաեւ ԱԳՆ-ի աշխատանքը. «Մի շարք միջոցառումներ ուղղակի հետաձգվել են: Ուղղակի դժվար էր դրանք իրականացնել, երբ ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ շրջափակվում էր, շրջափակվում էին մուտքը, ելքը եւ այլն: Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել հավատարմագրված դեսպանությունների կողմից, որոնք բազմաթիվ դժգոհություններ են հայտնել, որ սահմանափակվում է իրենց ազատ տեղաշարժի հնարավորությունը: Ես չեմ խոսում մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին եւ այլն, խոսքը գնում է օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մասին»:
Նա կարծում է, որ ՀՀ քաղաքացիները, մեր հայրենակիցներն իրավունք ունեն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել ներկայացուցչությունների բնական աշխատանքը, մեր դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար, վարկաբեկիչ դրության մեջ դնել եւ դա դնել առցանց, չեմ կարծում դա միջազգային իրավունքի իմաստով… չնայած Վիեննայի կոնվենցիայից չխոսենք հիմա, ասենք՝ ժողովրդավարության դրսեւորում է կամ հայրենասիրության դրսեւորում է…Այսպիսի բաներ պատահում են եւ, իհարկե, բոլորը պետք է պատասխանատու լինեն»:
Իրավիճակի լիցքաթափումն արտաքին գերատեսչության ղեկավարը տեսնում է բարի կամքի արտահայտման եւ երկխոսության մեջ, բայց դա կարող է հաջող լինել, եթե այն երկկողմանի է: Ասաց՝ երկրի ղեկավարները, հոգեւոր այրերը, քաղաքական ուժերը, միջազգային գործընկերները երկխոսության բազմաթիվ կոչեր են արել, որոնք ցայսօր մերժվել էին. «Դա ակնհայտ դարձավ նաեւ երեկվա հանդիպման ժամանակ վարչապետի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որի ականատեսը դուք եղաք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ