Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի հանգուցալուծում էլ լինի, չենք կարող ապրել թշնամության մթնոլորտում

Ապրիլ 23,2018 13:18

Արդեն 10 օրից ավելի է, ինչ Երևանում և հիմա արդեն Հայաստանի շատ այլ բնակավայրերում շարունակվում են զանգվածային ցույցերը։ Ցավոք, գիտնականները, մշակույթի գործիչները, մեր հասարակության այլ առաջադեմ ուժերը հիմնականում լռում են։ Այնինչ ազգային համերաշխության, ցանկացած խնդրի լուծման համար հենց մենք պետք է կարողանանք ճիշտ ու խելամիտ լուծումներ առաջարկել։ Նախ, մինչև բուն նյութին անդրադառնալն ասեմ, որ խստորեն դատապարտում եմ ցանկացած բռնություն, և թե՛ որևէ ցուցարարի, թե՛ ոստիկանների անօրինական գործողությունները, որոնք իրականում ավելի են սրում իրավիճակը, պետք է պատժվեն օրենքի ուժով։ Բոլորը պետք է սրբորեն գիտակցեն, որ արդարությունը պետք է տիրի մեր հասարակության մեջ անկախ նրանից, թե ում կողմնակիցն ես կամ որ քաղաքական ուժին ես հարում։

Ծայրահեղականությունը, մարդկանց յուրայինների ու հակառակորդների բաժանելը նույնպես պառակտում է մեզ։ Հետագայում էլ, ինչպիսի հանգուցալուծում էլ լինի, չենք կարող ապրել թշնամության մթնոլորտում։ Երկու կողմերն էլ այնքան անզիջում են, և իրավիճակն այնքան լարված է, որ կարելի է բնութագրել որպես փակուղի։ Բայց հասկանանք, թե ինչ է կատարվում։

Ցուցարարների պահանջը մեկն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ենթադրենք դա տեղի ունեցավ։ Հաջորդ քայլը պետք է լինի Ազգային ժողովում նոր ընտրությունը, իսկ հաշվի առնելով ՀՀԿ-ի մեծամասնությունը, ընտրության արդյունքները շատ թե քիչ պարզ են։ Որևէ բան փոխվելո՞ւ է։ Կարծում եմ, որ ոչ։ Նորից շարունակվելու է նույն քաղաքականությունը, որից դժգոհ ենք։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է Սահմանադրություն փոխել կամ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կազմակերպել և այլն։ Այլ առաջնորդներ այս պահին չկան, և նույնիսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում դեռ պարզ չէ, արդյոք նա պատրա՞ստ է նման ծանր ու պատասխանատու բեռ վերցնել իր վրա, թեև այս շարժման գլխավոր առաջամարտիկը նա է։

Փաշինյանի կողմից անհրաժեշտ է ձևավորել ուժեղ կոալիցիա, քաղաքական և մշակութային գործիչների, առաջադեմ երիտասարդների միություն, որոնք կարող են ներկայացնել համապատասխան շահերը։ Բոլոր առաջադեմ ուժերն էլ կարող են միավորվել։ Այո, շատ-շատ հարցեր կան, որ մեր երկրում չեն լուծվում, կամ սխալ են լուծվում։ Ժողովրդի անունից խոսելու սովորություն չունեմ, բայց մարդկանց մեծ մասն իսկապես դժգոհ է՝ հիմնականում իհարկե տնտեսական, նույնիսկ ամենատարրական կենցաղային վիճակից։ Բավական է մարդկանց կյանքը մի փոքր փոխվի, մարդիկ դա էլ կգնահատեն, ու իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը լրիվ կփոխվի։ Ուրեմն միակ ելքն եմ տեսնում հետևյալում, մանավանդ որ ապրիլի 24-ն է գալիս, իսկ դա մեր ազգային միասնության օրն է, և ամեն դեպքում պետք է հանդարտվել։ Գիտակցելով, որ նախաձեռնությունը պետք է գա իշխանություններից, կոչ եմ անում վարչապետ Սերժ Սարգսյանին անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և բոլոր բերման ենթարկվածներին և հանդես գալ հայտարարությամբ։

Իշխանությունը պետք է բարի կամք դրսևորի և առաջին լուրջ քայլն անի, այն է՝ պատրաստակամություն հայտնի նստել բանակցությունների սեղանին և լուրջ զիջումներ անել։ Սա միակ հնարավոր խաղաղ հանգուցալուծումն է։ Գոնե առայժմ խաղաղ։ Մարդիկ չեն կարող շաբաթներով դրսում գտնվել, փողոցները չեն կարող շաբաթներով փակվել, կազմակերպությունները չեն կարող շաբաթներով չաշխատել, երկրի տնտեսությունը չպետք է կաթվածահար լինի։ Այսքանն էլ բավական է, որ հասկանանք, որ չափազանց լուրջ փոփոխություններ են պետք։

Մյուս կողմից, իշխանությունները չեն կարող ցուցարարներին դիտարկել որպես «չարիք», սա մեր ժողովուրդն է, թող լինի ժողովրդի մի մասը։ Իշխանությունները պատասխանատու են բոլորի համար, երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Զիջումների մասին։ Դրանք պետք է վերաբերվեն թե՛ քաղաքական-իշխանական և թե՛ (նույնիսկ առավել կարևոր) տնտեսական հարցերին։ Ընդ որում, դատարկ խոստումներ տալու ժամանակը վաղուց անցել է, իշխանությունները կարող են հենց հիմա քայլ անել, ցույց տալ, որ այդ փոփոխությունները սկսվում են հենց այսօր։ Երբ երկու կողմերն էլ կհասկանան, որ միակ ճանապարհը սա է, մեր երկիրը միանգամից կանցնի քաղաքակիրթ հարթության մեջ հարցերի լուծման հնարավորություններին։ Այսօր մեզ են հետևում աշխարհի բոլոր երկրները, բոլորի աչքի առջև հերթական անգամ վտանգված է մեր հեղինակությունը, մեր՝ քաղաքակիրթ երկիր և ազգ կոչվելու իրավունքը։

Հայաստանի միջազգային հեղինակությունն աշխարհի համար առաջնահերթ գործոնն է, ըստ որի ձևավորվում է դեպի մեզ վերաբերմունքը և լուծվում են բոլոր հարցերը։ Դրանք անդառնալի կամ երկարատև կորուստներ կարող են լինել, ավելի, քան բոլոր այն մյուս շահերը, որոնց պատճառով չի ստացվում համերաշխության գալ։ Այս պահին Սերժ Սարգսյանի հայտարարությունը օդի պես կարևոր է։ Մեր ժողովուրդը շատ իմաստուն և ներող է, վստահ եմ, որ խելամիտ քայլերի կդիմի, և հաղթանակը բոլորինս կլինի։

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Աստղագետ, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն, Եվրասիական աստղագիտական ընկերության փոխնախագահ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30