Գյումրու Թատերական հրապարակից գիշերը բերման ենթարկված տնտեսագիտական համալսարանի դասախոս Կարեն Պետրոսյանին, որին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու հոդվածով, րոպեներ առաջ ազատ է արձակվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Ցուցարարները ծափողջույններով իրենց շնորհակալությունը հայտնեցին դատական համակարգի աշխատակիցներին՝ անաչառ վճիռ կայացնելու համար:
Թատերական հրապարակում հանրահավաքը վարող Ղարիբ Հարությունյանը, որին երեկ եւս ձերբակալել էին՝ մեղադրելով խուլիգանություն կատարելու մեջ ու դարձյալ ազատ էին արձակել, ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր օգտատերերին, որոնք իրենց ֆեյսբուքյան էջում գրել էին՝ ես Ղարիբ Հարությունյանն եմ, ես խուլիգան չեմ: Իր իրավունքներին տեր կանգնող յուրաքանչյուր քաղաքացի խուլիգան չէ, այստեղ հավաքվածների մեջ չկան խուլիգաններ»:
Պարբերաբար Թատերական հրապարակում հավաքվածներին միանում են տարբեր բուհերի ուսանողներ, յուրաքանչյուր խմբի միացում բուռն ծափահարություններով է ընդունվում ցուցարարների կողմից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ