Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ողջունում է երիտասարդության այն զարթոնքը, որը տեղի ունեցավ Հայաստանում: «Ժամանակը ցույց տվեց, որ մարդկանց ոգին անկոտրում է՝ անկախ նրանից, թե ի՞նչ ժամանակաշրջանում ենք ապրում: Լավ եւ ճիշտ ապրելու պահանջը բոլորի մոտ կա, այդ թվում նաեւ երիտասարդության: Ընդդիմության առաջնորդի բանեցրած ռազմավարությունն արդյունավետ էր»,-Aravot.am-ի զրույցում անդրադառնալով արդեն մի քանի օր հանրապետությունում, առավելապես մայրաքաղաքում, տեղի ունեցող բողոքի ցույցերին՝ ասաց ազատամարտիկը:
Ինչ վերաբերում է իրադարձությունների հետագա զարգացմանը եւ հանգուցալուծմանը՝ մեր զրուցակիցը գուշակություններ չի ցանկանում անել: Նա միայն հորդորում է ոստիկաններին՝ չլարել իրավիճակը, չվիրավորել մարդկանց, քանզի հակազդեցությունը կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել:
Ասում է, մտածում էր, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը պետք է գնար «դավթարով»՝ առաջարկների թղթապանակով: Օրինակ, Սուրեն Սարգսյանը սպասում էր, որ Նիկոլ Փաշինյանը հարցնի՝ պարոն վարչապետ, ինչո՞ւ է մեր երկրում արդարադատությունն այսքան անարդար. «Կամ Կյուրեղյանը կապրոնից ատրճանակով կրակեց՝ ակցիա անելու նպատակով, բռնեցիք հինգ տարի դատեցիք. հո դուք, ձեր դատավորները դահի՞ճ չեք: Էս ի՞նչ վայրի կապիտալիզմով է զարգանում մեր երկիրը. Երբ ընդամենը մեկ արգելաձող կարող ես անցնել՝ Սադախլո կայարանը, որտեղ լվացքի փոշու մեկ պարկն արժե 6 հազար դրան, իսկ երբ արգելապատնեշն անցնում է, Հայաստանում դառնում է 12 հազար դրամ: Եվ այսպես՝ հազարավոր օրինակներ»: Ազատամարտիկն ընդդիմադիր առաջնորդից կառուցողական առաջարկներ էր սպասում՝ «դո՞ւք եք վարչապետը, եկեք այս բացերը լրացրեք»: Ասում է, իր կարծիքով, դա կարող էր արդյունքի բերել: Դիտարկմանը, որ իր նշած եւ բազմաթիվ այլ հարցերի մասին քանիցս բարձրաձայն դժգոհություններ հնչել են, այդ թվում նաեւ խորհրդարանի ամբիոնից, սակայն, որեւէ արդյունք չի եղել, Սուրեն Սարգսյանը հակադարձեց. «Պատգամավորները բարձրաձայնել են, բայց այս պահին մենք ունեինք աննախադեպ մի իրավիճակ, ունեինք փողոց, զայրացած, պայքարող հասարակություն. պատրաստակամություն էր պետք իշխանության հետ բանակցելու: Ասածս գուցե պոպուլիստական է հնչում, բայց կան հարցեր, որոնց լուծումները կարելի էր տալ՝ ունենալով փողոցի աջակցությունը՝ օգտագործելով իշխանությունների պատրաստակամությունը: Կարծում եմ, շատ արդյունավետ կլիներ: Այլապես, ի սկզբանե եւ բոլորին էլ հայտնի էր՝ չէ, եկել եմ միայն հրաժարականի հարցը քննարկեմ, տարբերակի պատասխանն ինչ պետք է լիներ: Ստացվեց, որ ոչինչ չտանող մի հանգրվանի հասանք՝ ունենալով այդքան հզոր ռեսուրս»:
Մեր զրուցակիցն ասում է՝ չի ցանկանում դասեր տալ, «խելք խրատել» այս պահին փողոցն առաջնորդող ընդդիմադիր առաջնորդներին, բայց ինքն էլ իր կարծիքն ունի. «Սերժ Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ ասաց՝ 7-8 տոկոս ձայն հավաքած ուժի ներկայացուցիչը չի կարող վերջնագրով խոսել: Ի վերջո, «Ելք» դաշինքն ընդունել է, չէ՞ ընտրությունների արդյունքները: Ընդունելուց հետո, ՀՀԿ-ն է որոշում. մեզ համար ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի՞ն նշանակել վարչապետ, թե՞ նրա դռնապանին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ