Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ հույս ունեմ, որ խոսակցությունը կկայանա». Հարություն Խաչատրյան

Ապրիլ 23,2018 12:28

«Առավոտի» հարցերին պատասխանում է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, այս օրերին տարբեր ստեղծագործական միությունների ղեկավարներ իրենց միությունների տեսակետներն են հայտնել տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կինեմատոգրաֆիստների միությունը կարծես թե դեռ իր խոսքը չի ասել: Չունե՞ք ասելու բան:

– Սիրելի բարեկամ, ես խորապես համոզված եմ, որ անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ ստեղծագործական միությունները պետք է միասնական տեսակետ ունենան: Միասնական տեսակետն անթույլատրելի է արվեստագետի, ստեղծագործող մարդու համար, վիրավորական է: Առավել ևս կինոգործիչների համար, որոնք բոլորն էլ ուրույն մտածողությամբ բացառիկ անհատներ են:

Ես այդ համոզվածությամբ եմ սկսել իմ գործը Կինեմատոգրաֆիստների միությունում: Իմ էությամբ եմ ես այդ համոզմանը: Մենք այսօր այլևս ունենք մի միություն, որի բոլոր անդամներն ազատ են ունենալու դիրքորոշում, մոտեցում, քաղաքացիական պահվածք: Առավել ևս, որ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունն իր կազմում ունի տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնք ունեն մտածողության, զգացողությունների, անհանգստությունների, մտահոգությունների տարբեր ընկալումներ: Ինչպե՞ս կարող է միասնական տեսակետ լինել:

Մենք միասնական կարող ենք և ցանկալի է, որպեսզի լինենք մեր ստեղծագործական խնդիրների առջև ծառացած հարցերի, մեր ստեղծագործական մտահոգությունների լուծման հարցում, մեր միությանը վերապահված խնդիրները հանգուցալուծելու հարցերում: Թեպետ դա էլ երբեմն չի հաջողվում:

Ես տեսնում եմ, որ տարբեր կինոգործիչներ, հատկապես երիտասարդ կինոգործիչներն ազատորեն բարձրաձայնում են իրենց մտքերը՝ բնականորեն տարբեր և ազատ են իրենց գործողություններում:

-Պարոն Խաչատրյան, իսկ Դուք որպես անհատ արտահայտել ե՞ք Ձեր դիրքորոշումը:

– Ես՝ որպես կինոռեժիսոր, որպես անհատ, որպես մեկը մեր միության անդամներից, խորապես անհանգստացած եմ իրավիճակով, մտահոգություններս և անհանգստություններս շատ խորն են: Պարտադիր չէ, որ անընդհատ խոսես, արտահայտվես, մանավանդ, որ իրադրությունը լարված է, զգայուն է և յուրաքանչյուր խոսք ընկալման տարբեր ուղի է անցնում:

Մեզանից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի, կարծիքն ունի, ունի իր մոտեցումը, քաղաքացիական կեցվածքը, ունի դրա բացատրությունը, համոզմունքը և պետք չէ մեծամտություն ունենալ, թե քո խոսքը կարող է մյուսի կարծիքը կամ տեսակետը փոխել, կամ համոզմունքը փոխել: Բոլորս տեղի ունեցող բուռն իրադարձությունների հորձանուտում ենք՝ չափազանց լարված, անհանգիստ, մտահոգ:

Ես մեծ հույս ունեի, որ տեղի կունենա խոսակցություն: Անկեղծ ասեմ, դեռ հույս ունեմ, որ այդ խոսակցությունը կկայանա: Հույս ունեմ, որ կգտնվեն քաղաքական լուծումներ:

Սակայն ինչ էլ որ լինի, նախևառաջ պետությունն այլևս երբեք ուժ և բռնություն չպետք է կիրառի իր քաղաքացիների հանդեպ, որովհետև պետությունն անհամեմատ մեծ պատասխանատվություն ունի իր քաղաքացիների անվտանգության համար և ամենամեծ երաշխավորն է: Որևէ բռնություն և ուժի կիրառում մեր քաղաքացիների հանդեպ ցանկացած գնով պետք է բացառվի:

-Կարծում ե՞ք, որ այն, ինչ տեղի է ունենում հետևանք է:  

-Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, հետևանք է այն իրավիճակի, որ մենք ունենք տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և բազմաթիվ այլ չլուծված խորքային, համակարգային խնդիրներ, որոնք տարիներով լուծում չեն գտնում: Ունենք արդար միջավայրի խնդիր, որը չենք կարողանում ձևավորել: Ունենք պարզագույն խնդիրներ, որոնց չենք կարողանում լուծում տալ: Մեր հասարակությունը հոգնել է այն իրավիճակում ապրելուց, որին արժանի չէ:

-Ի՞նչ պետք է անենք:

-Կարծում եք այդքան մեծամիտ ե՞մ, որ այդ հարցին պատասխանեմ: Ամեն դեպքում, չենք կարող և իրավունք չունենք հաշվի չնստել հազարավոր մարդկանց, հատկապես փոթորկված երիտասարդության հետ, նրանց կարծիքի, տեսակետների հետ, չենք կարող չգնալ նրանց հետ խոսելու ճանապարհով, նրանց իրացվելու հնարավորություններ տալու ճանապարհով, որովհետև նրանց ժամանակն է այսօր:

Իսկ պետությունը, որը մեծագույն պատասխանատվության կրողն է մեր քաղաքացիների անվտանգության, մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների, պետք է գտնի այս բարդագույն իրավիճակից դուրս գալու ճշգրիտ լուծումը՝ անարյուն և հավասարակշռված:

Զրուցեց Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆԸ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30