Այսօր ինչի՞ է պատրաստ իշխանությունը՝ ժողովրդի ցասումը մեղմելու համար: Այսօր հրավիրած ասուլիսում այս հարցն ուղղեցին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին: Նա պատասխանեց, որ առաջիկայում կառավարությունը ծրագիր է տանելու ԱԺ եւ քայլերի մասին այնտեղ կխոսեն:
Ըստ նրա, մեկ-երկու մարդու միջոցով աշխատավարձերի, աղքատության հարցը լուծվելիք խնդիրներ չեն. «Պետք է հիշեն, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է, քաղաքականության մեջ փլավ, ինչպես եւ պատերազմում, չի բաժանվում: Մի հատ հիշեք, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 88-ին՝ Ղարաբաղը գրպանումս է արտահայտության համար եւ ինչ ոգեւորությամբ ենք հետո իրեն հետ ընդունել եւ Ազգային հերոս ընկալում: Հիշեք, թե ինչ ռեյտինգ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ եղած ժամանակ պետք է գնար եւ ինչպես հասարակությունը ձեռքերի վրա պատրաստ էր իրեն հետ բերել 96-ին: Հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը՝ իր հրաժարականի ժամանակ, հիշեք հասարակության վերաբերմունքը նրան 95-96-ին եւ այն ոգեւորությունը, երբ նա հիմնական թեկնածուն էր նախագահական ընտրություններում՝ այն ժամանակ գործող նախագահին: Նայեք Սահակաշվիլու կերպարը, որն իր երկրում դարձավ պերսոնա նոն գրատա, Ժակ Շիրակի պես նախագահին հիշեք, որը Ֆրանսիան միջազգային քարտեզի վրա դարձրեց խոշորային դերակատարներից մեկը, հիմա դատական հետաքննության տակ է՝ իր տարիքն առած վիճակում»:
Ըստ Վիգեն Սարգսյանի, սիրել-չսիրելը քաղաքական կատեգորիա չի, քաղաքական կատեգորիա է ձեւավորված իշխանությունը եւ դրանից բխող գործընթացները. «Կարող է լինի դժգոհություն, հասարակությունը կարա չընդունի այս կամ այն որոշումը, դա ասելու բազմաթիվ ձեւեր կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ