Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը պարզաբանում է, թե ինչու ինքը քայլ չի անում եւ լիազորությունները վայր չի դնում

Ապրիլ 23,2018 12:16

«Անթույլատրելի է, որ հայը հայի դեմ դուրս գա որեւէ ձեւով՝ փողոցում, ոստիկանության միջոցով կամ որեւէ այլ ձեւով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա ասաց, որ երկխոսելու հնարավորություն միշտ կա. «Դա ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է: Փառք Աստծո, այս պահին ոչ մի կարմիր գիծ անցած չի: Մենք սթափ եւ բանական ժողովուրդ ենք եւ ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել բանական ձեւով: Սթափ եւ բանական ժողովուրդ ենք եւ ի վիճակի ենք մեր խնդիրները լուծել բանական ձեւով: Եթե անցյալին նայենք, որեւէ զարգացում, իրադարձություն անհետեւանք չի մնացել: Որքան էլ մեզ թվա, որ, ենթադրենք, «Էլեկտրիկ Երեւանն» անցավ անհետեւանք կամ նույնիսկ ծայրահեղական դաշտից «Սասնա ծռերի» միջադեպն անցավ անհետեւանք կամ Մարտի 1-ը իր ողբերգական դասերով, քաղած դասերն էլ չսերտվեցին, դա այդպես չի: 1996-ի ցույցերը, ԱԺ-ի ներխուժումը, այդ ամեն ինչը, ինչ եղավ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, դրանք բոլորը հետեւանքներ են թողել: Մի կողմից սպի էր, որը երեւի անխուսափելի էր, բայց մյուս կողմից նաեւ լուրջ ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի առաջընթացի վրա: Ի վերջո, այն օրենսդրությունը, որը ոմանք մտցնում են ոստիկանության աչքը, ձեւավորվել է Մարտի 1-ից հետո»:

Նախարարն ասաց, որ հպարտ է նրանով, որ մեր քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, որոնք սթափ են նայում, կարողանում են էմոցիաներից վեր կանգնել եւ ճիշտ կողմնորոշել կողմերին. «Ես ոչ թե համարում եմ, որ կա երկու ճանապարհ, կա մեկ ճանապարհ՝ պայմանավորվելու, թե այդ ճանապարհին քանի սխալ կանենք, մինչեւ վերջնական պայմանավորվածությունը, շատ կարեւոր է, որ սխալ թույլ չտանք: Պետք է էմոցիոնալ դաշտից զերծ մնալ, սթափ մտածել, միավորներ հավաքելու ցանկությունն է ամենաահավորը: Ինձ իրոք հետաքրքրեց հրապարակում միջոցառումը վարող տղաների ձգտումը՝ չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը: Դա արդեն մի բան արժեր»:

Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Վիգեն Սարգսյանին եւ մի շարք պաշտոնյաների ժողովրդի կողմն անցնել: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ «Դա դեմագոգիա է՝ պարզ պատճառով, որովհետեւ եթե ոստիկանության պետը, ԱԱԾ պետը, նամանավանդ ՊՆ նախարարը փորձի այս իրավիճակում նման քայլեր անել, դա հայրենիքի նկատմամբ դավաճանություն է: Ես ունեմ գործառույթ: Եթե նույնիսկ կառավարությունը հրաժարական է տալիս, ես շարունակում եմ իմ պարտականությունները կատարել: Ակնկալել ինձանից, որ ես կարող եմ լիազորություններս վայր դնել այս վիճակում, վազն անցնել ԶՈՒ կառավարումից, գնամ հրապարակում կանգնեմ, դա ուղղակի համակարգը չպատկերացնելու արդյունք է: Անկախ նրանից, թե մենք ինչքան լավ կերեւայինք ինչ-որ մեկի աչքում, եթե անեինք քայլ, ես հուսով եմ, որ իմ հասարակության գերակշիռ մասի համար ես կերեւայի ուղղակի անլուրջ մարդ, որ թողնի ՊՆ-ում իր գործառույթը եւ գնա հրապարակում ինչ-որ բան խոսա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30