Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա, ով երեկ հանրահավաքում ելույթ ունեցավ, ապրիլյան պատերազմի մասնակից չէր». Վիգեն Սարգսյան

Ապրիլ 23,2018 11:58

Այսօր ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն ասուլիս էր հրավիրել: Լրագրողների հարցին, թե վարչապետ Սերժ Սարգսյանը ի՞նչ նկատի ուներ, երբ խոսեց Մարտի 1-ի մասին, հնարավո՞ր է ԶՈւ-ն հանվի ժողովրդի դեմ՝ նա պատասխանեց. «ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը մանրամասն պարզաբանում է տվել, դուք չեք ակնկալում, որ ես այլ պարզաբանում կտամ: Կարծում եմ, որ դա որեւէ կերպ սպառնալիք չի կարող դիտվել, դա դիտվում է՝ որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձություն կարող է բերել լարվածության, որը որեւէ մեկին անհրաժեշտ չի»:

Ըստ Վիգեն Սարգսյանի, այն, որ Սերժ Սարգսյանը համաձայնել էր «Մարիոթում» այդքան լրագրողների ներկայությամբ բանակցությունների, սա խոսում է նրա տրամադրվածության մասին, որ այդ երկխոսությունը կայանար:

Ըստ Վիգեն Սարգսյանի, պայմանավորվելու ցանկություն ի սկզբանե Փաշինյանը չի ունեցել, որովհետեւ լուծում գտնելը շատ ավելի բարդ էր, քան տեսախցիկների առջեւ միավորներ հավաքելը. «Այլ ձեւաչափ էր պետք ընտել ի սկզբանե»:

Վիգեն Սարգսյանը գտնում է, որ վարչապետի պատասխանը շատ համարժեք էր, վերջնագրերով էր խոսում Փաշինյանը. «Այն, ինչ ասում է պարոն Փաշինյանը, այն, ինչ հնչեցրեց իր ելույթում, որ կա արդեն գործողությունների որոշակի ծրագիր, վարչապետը գնում է, խորհրդարանն ընտրում է ժողովրդական վարչապետին, արդեն այդտեղ պատգամավորի մանդատի ազատությունը սահմանափակվում էր, պատգամավորը պարտավոր էր գնար ու քվեարկել նրան, ում պարոն Փաշինյանը կհամարեր ժողովրդական վարչապետի թեկնածու, տենց չի՛ լինի…Ի վերջո, այն ծրագիրը, որը ժողովրդական վարչապետն ուզում է բերի, կարող է շատ ավելի անընդունելի է, քան գործող ծրագիրը, այդ ամեն ինչը քննարկելու հարց է»:

Երեկ հարթակում ելույթ ունեցան նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցները, Վիգեն Սարգսյանը սրան լավ է վերաբերում, բայց ասաց, որ նա, ով ելույթ ունեցավ, իրականում ապրիլյան պատերազմի մասնակից չէր: Խոսքը Մանուել Մանուկյանի մասին է: Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել. «Բայց ի՞նչ տարբերություն, ենթադրենք, մասնակցել է, ինքն էլ իր կարծիքն ունի»:

Վիգեն Սարգսյանը գտնում է, որ «նամակ սահմանի զինվորից ոստիկանին» եւ այս տիպի տարածվող նյութերն ու գրառումները արագ հերքվում են, բայց եթե նույնիսկ լինեն զինվորներ էլ, որոնք սատարում են Փաշինյանին, հետո՞ ինչ. «Մենք ուզում ենք ունենալ բանակ, որտեղ զինվորները բոլորը մենակ մի՞ կարծիք ունեն, մենք նման բա՞ն ենք հայտարարել: Իհարկե, կան սահմանափակումներ սպայական անձնակազմի համար՝ քաղաքական գործունեությամբ չզբաղվելու, չեմ կարծում, որ դրանից պետք է այդքան կառչել, բայց շահարկել էլ չի կարելի»:

Նախարարն ասաց, որ եթե ինքն էլ հրապարակի այն բազմաթիվ նամակները, որտեղ սահմանից զինվորն ասում է, որ պետք է դադարեցնել ցույցերը, որովհետեւ վտանգավոր է, սա խաղի կվերածվի. «Մենք ա՞յդ խաղն ենք ուզում խաղալ»:

Անդրադառնալով առաջնագծի մասին լուրերին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ տեսանյութով են իրենք հայտարարել, դա կեղծված չէ, իրոք, հակառակորդը հետեւում է իրադարձություններին եւ առկա մարտահրավերների պարագայում մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից նոր գործողություններ ձեռնարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30