Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամեն վայրկյան մտքում աղոթում եմ, որ որեւէ մեկի ոտքը տոռմուզի փոխարեն գազին չսեղմի». Վիգեն Սարգսյան

Ապրիլ 23,2018 11:44

Այսօր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հրավիրած ասուլիսում անդրադարձավ տեղի ունեցող իրադարձություններին:

Հարցին՝ այսօր ի՞նչ պայմաններում եք դուք հարաբերվելու ձեր ապագա զինվորների հետ՝ հաշվի առնելով այս գործընթացում նրանց ներգրավվածությունը` Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ այս գործընթացում երիտասարդների, մանկահասակ երեխաների ներգրավումը, իրոք, կարմիր գիծ է. «Բացարձակ պետք է տարբերակել ուսանողներին, ես անչափահասներին նկատի ունեմ»:

Նա ասաց, որ զուտ ֆիզիկական անվտանգության խնդիրը կա նախ, փողոցների երթեւեկելի մասերով են ակցիաները լինում. «Ամեն վայրկյան մտքում ես աղոթում եմ, որ որեւէ մեկի նյարդերը տեղի չտան եւ ոտքը տոռմուզի՝ արգելակի փոխարեն գազին չսեղմի, որովհետև դա ցավոք հնարավոր վիճակ է նման լարվածության մեջ»:

Հետո Վիգեն Սարգսյանն ասաց, որ ծնողը, որը բերում է իր երեխային դպրոց, ակնկալում է իր երեխային դպրոցից տուն տանել, ոչ թե փողոցներն ընկնել՝ երեխաներին գտնելու: Երրորդը բարոյական մակարդակն է, ըստ նրա, անընդունելի է, երբ երեխաներին կանգնացնում են հարթակին, որը միտինգի առաջնորդի ու Մոնթե Մելքոնյանի միջեւ զուգահեռներ է անցկացնում: Ըստ նրա,այդ երեխային անգիր սովորեցրել են. «Վատ պրակտիկա կար, երբ երեխաների ձեռներից բռնում էին, ասում էին՝ բալիկ ջան, դե, քֆուր տուր: Մոտավորապես նույն մակարդակից է ու պատիվ չի բերում ոչ մեկին: Երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ է, անթույլատրելի է»:

Հարցին՝ ձեր արձագանքը, որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ո՞րն է, երեկ ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մինչ այսօր հայտնի չէ նրա գտնվելու վայրը, լրագրողների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքեր կան, ո՞րն է ձեր գնահատականը՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այնքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության եւ ազատություններն օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ դրույթների հետ եւ ներգրավում են իրավապահներ:

Նրա խոսքով՝ այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն եւ ներգրավվածություն ունի ԱԺ-ում, այլ գործիքակազմ ունի, քան այն ընդդիմությունը, որն այդ լծակը չունի եւ ստիպված է դիմել փողոցին. «Սա հերթական եւս մեկ փորձաշրջան է՝ ժողովրդավարության կայացման համար»: Նախարարն ասաց, որ երեկ Փաշինյանի հետ կապված պատշաճ տեղեկատվություն է տրամադրվել. «Վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ «ցանկացած հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի, միջոցներ ունենա, միշտ կարող է եզրին գտնվել ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության»:

Նախարարն ասաց, որ եթե ոստիկանությունը անգործություն դրսեւորի, հետեւանքներն ավելի ծանր կլինեն, նրանք իրենց կյանքն են վտանգում՝ կարգուկանոն պաշտպանելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30