Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ստի համար ծանր գին ենք վճարելու բոլորս»

Ապրիլ 23,2018 13:30

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ բողոքի ակցիաների, կաթողիկոսի եւ նախագահի հաշտության կոչերի իրական արժեքի մասին

– Ի՞նչ տպավորություն ստացաք նախօրեին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից: Նորընտիր վարչապետի հայտարարությունները՝ տնտեսական աճի, ներքաղաքական իրավիճակի, այն մասին, որ ցույցերն են խանգարում Հայաստանի զարգացմանը եւ այլն, արտացոլո՞ւմ են մեր իրականությունը:

– Այժմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու գլխավոր պրոբլեմն այն է, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման հետ կապված գործընթացի նախաձեռնման ու կազմակերպման սկզբում պարոն Սարգսյանի կողմից ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին այլեւս չհավակնելու վերաբերյալ հրապարակայնորեն տրված խոստումը դրժելը հանգեցրեց նրան, որ այսօր Հայաստանի իշխանության լծակները գտնվում են ստախոս քաղաքական գործչի ու նրա ստախոսությունը պարտակող կամ արդարացնող քաղաքական երկու ուժերի` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձեռքին: Ընդհանուր առմամբ, հարցազրույցը ծանր տպավորություն թողեց:

2014-ին Սերժ Սարգսյանը նպատակահարմար չէր գտնում, որպեսզի միեւնույն մարդը երկու անգամից ավելի զբաղեցնի երկրի ղեկավարի աթոռը, մինչդեռ այս հարցազրույցում արդեն նա, որպես իր արարքն արդարացնող նախադեպ, հիշեց չորրորդ անգամ Գերմանիայի կանցլեր ընտրված տիկին Մերկելի օրինակը, բայց անհրաժեշտ չհամարեց ասել, որ տիկին Մերկելը երբեւէ հրապարակավ չի խոստացել, որ այդ պաշտոնը զբաղեցնելու հավակնությունից կհրաժարվի: Հավանաբար պարոն Սարգսյանն ու ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը իրենց հաշիվ չեն տալիս այն բանում, որ այս սուտը զրոյացնում է նրանց բոլոր մնացյալ փաստարկներն ու արդարացումները: Այժմ ցանկացած ոք կարող է իրավամբ կարծել, որ 2014թ. պարոն Սարգսյանը հատուկ սուտ երդում է տվել, որպեսզի միջազգային կառույցները դրական գնահատական տան նախաձեռնվող սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀՀ քաղաքացիներն էլ թեթեւացած շունչ քաշեն՝ ակնկալելով, որ վերջապես երկիրը այս կեղծիքի ճահճից դուրս գալու շանս կստանա: Իսկ երբ ամեն ինչ արդեն արված էր, պարոն Սարգսյանը որոշեց ենթարկվել իր կուսակցության պահանջին եւ, հակառակ խաբված ՀՀ քաղաքացիների ու հեղինակավոր միջազգային կառույցների սպասումների, ստանձնեց վարչապետի պաշտոնը:

Այս ամենի քաղաքական եւ իրավական գնահատականը նաեւ այն կարող է լինել, որ պարոն Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցական կառույցը 2014-ին տրված սուտ խոստումն օգտագործել են ՀՀ քաղաքացիների դեմ դավադրություն կազմակերպելու` իրենց կողմից իշխանության ապօրինի յուրացումը երկարաձգելու նպատակով: Թեեւ նրանց խոսքերի հանդեպ առանց այդ էլ հավատ չկար, սակայն կոնկրետ այս ստի արդյունքում այդ մարդիկ իրենք իրենց զրկեցին արդար ընտրությունների, իշխանությունների տարանջատման, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության մասին խոսելու իրավունքից: Այդ ստի համար ծանր գին ենք վճարելու բոլորս:

– Բողոքի ակցիաները դեռ շարունակվում են: Ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:

– Եթե բողոքի ակցիաները, բացի Սերժ Սարգսյանի վարչապետության մերժումից, այլ՝ ավելի ընդգրկուն քաղաքական օրակարգի ստեղծմանը չհանգեն, ապա որոշ ժամանակ անց կմարեն իրենց ներուժը սպառելու կամ իշխանության կողմից նախաձեռնված ուժային գործողությունների արդյունքում: Այս առումով կարեւոր լրացուցիչ գործոն կարող է լինել նաեւ արտաքին միջամտությունը` անհնազանդության գործողություններին աջակցելու կամ դրանք կասեցնելու փորձերն արտաքին ուժային կենտրոններից: Այս համատեքստում հատկապես զգոն պետք է լինեն ընդվզած զանգվածներին առաջնորդող քաղաքական գործիչներն ու հասարակական ակտիվիստները. չի կարելի թույլ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի մի տարածքի, որտեղ ռուսներն ու Արեւմուտքը մեր ներքին ռեսուրսների ու կենսական շահերի հաշվին իրենց ուժերը չափեն: Որպեսզի անհնազանդության այս շարժումը ընդլայնի իր ազդեցության տիրույթը, անհրաժեշտ է, որ դրա ղեկավարները, ձեւակերպելով պատշաճ քաղաքական օրակարգը նաեւ, առնվազն կարողանան կազմակերպել արդյունավետ շփումներ տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, Հայաստանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների պաշտոնատարների հետ: Մեծ հաշվով, ցանկալի է, որ այս շարժման կողմից ձեւավորվի ընդդիմադիր ստվերային կառավարություն, որի անդամները, երթերին մասնակցելու փոխարեն, գործնական քայլեր նախապատրաստեն ու իրականացնեն վերը նշված եւ մի շարք այլ ոլորտներում: Ստվերային կառավարություն ասվածը միջազգային պրակտիկայում հայտնի եւ տարածված երեւույթ է` այն ձեւավորվում է ընդդիմության կողմից եւ կոչված է պատրաստել գործող իշխանության կողմից իրականացվող ծրագրերի այլընտրանքը, որպեսզի քաղաքացիներն իմանան, թե իշխանափոխության դեպքում ովքեր են ստանձնելու պատասխանատվությունը եւ ըստ ոլորտների ինչպիսի քաղաքականություն են իրականացնելու: Մեր դեպքում այդ մարմինը կարող է ավելի սահմանափակ լիազորություններ ունենալ` դրանք առայժմ ծառայեցնելով օրվա անմիջական կարիքները հոգալու խնդրի լուծմանը:

– Իշխանական շրջանակները շարունակում են պնդել, որ դեռ մեկ տարի առաջ հայտնի էր՝ ՀՀԿ-ն պետք է առաջադրի վարչապետի թեկնածու, եւ որ դա լինելու է Սերժ Սարգսյանը, ու տարակուսում են, թե ինչո՞ւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը չընդվզեց, վերցրեց մանդատը: Այս համատեքստում էր արձագանքել նաեւ Ատոմ Էգոյանը՝ պատասխանելով պայքարին միանալու Նիկոլ Փաշինյանի կոչերին: Նա նաեւ նկատել էր, որ հայաստանյան գործերը հայաստանցիների գործերն են: Ի դեպ, շարժումը քաղաքական աջակցություն էլ չի ստանում:

– Մեկ տարի առաջ էլ բոլորն այն կարծիքի էին, որ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն տված իր խոստումը չի դրժի: Այն հանգամանքը, որ վերոհիշյալ խոստումը տալուց հետո ՀՀԿ-ն դրա դեմ չընդվզեց եւ այդ կուսակցության կարկառուններից որեւէ մեկը չասաց, որ իրենց առաջնորդի հայտարարությունը հակասում է կուսակցական գծին, եւ դրա համար նա առնվազն կարգապահական տույժի պետք է ենթարկվի, եւս մարդկանց մոտ պատրանք առաջացրեց, որ հարցը համաձայնեցված է, եւ իր խոստումը Սերժ Սարգսյանը տալիս է ողջ ՀՀԿ-ի անունից: Իրականությունն այլ դուրս եկավ` Հայաստանի քաղաքացին դարձավ վերը նկարագրված փաստացի դավադրության զոհը:

– Շատ վերլուծաբաններ այս շարժումը համեմատում են 1988-ի շարժման հետ: Դուք ընդհանրություններ տեսնո՞ւմ եք:

– 88-ի ազգային զարթոնքով ծնունդ առած համազգային շարժումը մնաց էտալոնային դրան հաջորդած բոլոր այլ քաղաքական ընդվզման դրվագների համար: Սակայն այստեղ կա մի շատ էական տարբերություն` երեսուն տարի առաջ հայությունը միավորվեց ու ընդվզեց ԽՍՀՄ եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության դեմ: Դրանից հետո մեր պայքարներն ուղղված են եղել դեպի ներս` ընդդեմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության, կամայականությունների, կեղծարարության: Արտաքին թշնամու դեմ պայքարելը համախմբող ներուժ ունի, մինչդեռ ներքին դիմակայությունն, անկախ ամեն ինչից, այսպես թե այնպես պառակտող, ուժերը ջլատող երեւույթ է:

– Իշխանական շրջանակներից շարժման ղեկավարներին երկխոսելու կոչեր են ուղղվում: Անգամ ՀՀ նախագահն ու կաթողիկոսը նման կոչեր արեցին, բայց դրանք կարծես անտեսվում են:

– Գարեգին Բ-ի կամ պարոն Արմեն Սարգսյանի կոչերն ու առաջարկները, բոլոր դեպքերում, պետք չէ անտեսել: Բայց դրանք իրական ուժ եւ արժեք ձեռք կբերեն այն դեպքում, եթե վերացականի ոլորտից բերվեն կոնկրետ գործողությունների դաշտ: Կարծում եմ, որ ավելորդ չի լինի, եթե Կաթողիկոսը հատուկ մեր իշխող վերնախավի համար իր քարոզում բացի ստի կործանարար էությունը, իսկ պարոն Արմեն Սարգսյանն էլ կողմերի բանակցությունների համար կոնկրետ օրակարգ առաջարկի:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

21.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30