Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվածքներ ստացած դերասանի համար դեպքի վայրից շտապօգնություն երկու կանչ էր եղել

Ապրիլ 23,2018 13:00

Չնայած դատարանի բազմաթիվ զգուշացումներին, այս քրեական գործով դատարան այդպես էլ չի գալիս տուժող Ռուբեն Գալստյանը, որին էլեկտրաշոկով վնասվածք հասցնելու մեղադրանքով էլ ամբաստանվում է ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» դեմ հարուցված քրեական գործով նախորդ օրվա դատական նիստն անցավ լարված մթնոլորտում:

Մեղադրող Էմիլ Հարությունյանը դատարանին ներկայացրեց այն գրությունները, որոնցով պահանջել էր շտապօգնությունից ձայնագրությունները եւ այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ ինքը ստացել է, իսկ դատարանին ասել են՝ չկա, ասաց, թե դատարանի հարցումը մակագրվել է մի աշխատակցի վրա, որը չի իմացել այդ ամենի մասին:

Հանրային պաշտպան Էդիկ Աղաջանյանը հարցրեց դատախազին, թե այդ ամենը որեւէ կերպ հիմնավորվա՞ծ է, թե դա միայն դատախազի ենթադրությունն է, նա պատասխանեց, որ ինքն է այդպես հայտարարում, իսկ դատարանին չտրամադրելը ընդամենը վրիպակ է:

Հրապարակվեց այն ձայնագրությունը, որտեղ փաստաբան, քաղգործով Վահագնի ներկայացուցիչ Գեւորգ Մարտիրոսյանը խոսում է «1 03»-ի հետ, հայտնում, որ Տիգրան Մեծի 36 շենքի մոտակայքում, դեպի «Փեթակ» տանող ճանապարհին բուժօգնություն է պետք, ընկել է՝ գլուխը ճղվել է:

Հրապարակվեց մեկ այլ զանգ էլ, որտեղ բուժանձնակազմից զանգում ու ասում են, որ եկել են, բայց չեն գտնում, եւ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանն ասում է՝ «արդեն լավ է, պետք չէ»:

Այդ մասով դատախազը հայտարարեց, որ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանն իր ցուցմունքում ասում էր, թե ամբաստանյալը մահամերձ էր, ու մի քանի րոպե հետո էդ ոնց միանգամից լավ եղավ. «Ու «1 03»-ին ոչ թե ասել եմ՝ խփել են, ընկել է, գլուխը ճղվել է, այլ ասել եմ՝ ընկել է»: Ու դատախազը վերլուծելով՝ ասում է, որ «այ, եթե խփած լինեին, փաստաբանը «1 03»- ին կասեր խփել են»:

Քննության առնվեց վկաներին դատարան հրավիրելու միջնորդությունները, որոնցով ամբաստանյալը խնդրում էր, որպեսզի որպես վկա դատակոչեն բուժքույր Մալինային ու վարորդ Խորենին: Երկու միջնորդություններն էլ դատարանը մերժեց այն հիմնավորմամբ, որ միջնորդությանը կից ներկայացված գրությունները ապացույց չեն, հայտնի չեն դրանց ծագման աղբյուրները, հայտնի չէ, թե ո՞վ է գրել ու ստորագրել դրանք: Հիշեցնենք, որ այդ գրություններով վերջիններս դատարանին հայտնում էին, որ Վահագն Սիմոնյանի գլուխը ճղված է եղել, արյունահոսել է եւ մշակվել է վերքը ու վիրակապվել է գլուխը եւ Վահագնը գտնվել է անգիտակից վիճակում:

Սակայն դատարանում այս վկաները կարող էին էապես փոխել գործի ելքը մի պարզ պատճառով. նրանք ակնհայտորեն տեսել էին, թե ինչ վիճակում է գտնվել ամբաստանյալը:
Դատավոր Գագիկ Պողոսյանը քննարկեց նաեւ դերասանի խափանման միջոցի հարցը. «Մոսֆիլմում» նկարվելու է կինոնկար: Հրավեր է ուղարկվել դերասանին, որին եթե թույլ տրվի բացակայել, ապա մեկ ամսով կլինի նրա բացակայությունը:

Դատարանը պաշտոնական գրություն էր ցանկանում, իսկ ներկայացված փաստաթուղթը ռուսալեզու էր, ինչը եղավ պատճառ, որպեսզի պաշտպանը խնդրի ժամանակ այն պատշաճ տրամադրելու, հայերեն թարգմանելու համար: Դատախազն ասաց, թե ինչ թուղթ էլ բերվի, ինքը կմերժի: Եվ սա այն դեպքում, երբ նախաքննության փուլում անգամ քննիչը մեկ այլ նկարահանման ժամանակ թույլ էր տվել դերասանին բացակայել հանրապետությունից:

Նկատենք, որ դերասանն իր հանապազօրյա հացը վաստակում է շնորհիվ նման նկարահանումների:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

21.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30