Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի «Նոր կամերատա» անսամբլը կնշի տասնամյակը

Ապրիլ 23,2018 12:30

Հայաստանյան մշակութային կյանքում իսկապես բուռն գործունեություն են ծավալում նաեւ պետական կարգավիճակ չունեցող որոշ կամերային անսամբլներ, որոնք մասնակից են դառնում նաեւ պետական միջոցառումների, օրինակ՝ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» եւ «Հայ կոմպոզիտորների լարային քառյակներ» ծրագրերին: Դրանց թվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից կազմված «Նոր կամերատա» անսամբլը՝ Աննա Մարգարյան՝ առաջին ջութակ, Իվետա Կորկինա՝ երկրորդ ջութակ, Գոռ Հովհաննիսյան՝ ալտ, Միքայել Նավասարդյան՝ թավջութակ, Արմինե Պետրոսյան՝ թավջութակ, Նաիրա Իսրայելյան՝ դաշնամուր: Այն հիմնվել է 2008թ. Շոտլանդիայում կայացած Աբերդինի երիտասարդական նվագախմբերի փառատոնին մասնակցած երաժիշտներից:

Կոլեկտիվի նվագացանկը բաղկացած է հայկական, եվրոպական եւ ամերիկյան դասական ու ժամանակակից հեղինակների ստեղծագործություններից: Այս անսամբլին իրենց երկերը, այդ թվում՝ առաջին կատարումները, վստահել են արտասահմանցի կոմպոզիտորներ եւս, այդ թվում՝ հունգարացի Կրիշտինա Մեգյերը, հոլանդացի Վոլֆ Ստրավերը եւ այլն: Ներկայացրել են նաեւ գերմանացի կոմպոզիտորներ Անդրեաս Շմիդտի, Դոն Յաֆֆեի, ամերիկացի Դավիթ Վալասի, շվեդ Ինգվար Կարֆովի եւ այլոց գործերը, հայ կոմպոզիտորներից էլ՝ Հարո Ստեփանյանի, Արտեմի Այվազյանի, Ղազարոս Սարյանի, Վահրամ Բաբայանի, Կարեն Անանյանի:

Վահան Քոչարը, Գոռ Հովհաննիսյանն ու Յան Յանսենը:

Համերգներով հանդես են եկել ոչ միայն Երեւանում, այլեւ Աշտարակում, Արարատում, Էջմիածնում, Գյումրիում: Ունեցել են համերգային մեկ շրջագայություն՝ Հոլանդիա: Ի դեպ, «Նոր կամերատան» համատեղում է երաժշտությունն այլ արվեստների հետ. անցկացվել են ցուցահանդես-համերգներ Վահան Քոչարի, հոլանդացի լուսանկարիչ Յան Յանսենի հետ եւ այլն:

Վերջերս Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կայացավ «Նոր կամերատայի» այս տարվա առաջին համերգը, ներկա մասնագետների հավաստմամբ՝ բարդ ծրագրով: Օրինակ՝ Շուբերտի Լարային կվինտետը, եթե չենք սխալվում՝ մեկ անգամ է կատարվել Երեւանում՝ Ռուբեն Ահարոնյանի ղեկավարած Բորոդինի քառյակի մեկնաբանմամբ: Այս ստեղծագործությունը հնչել է նաեւ Լոս Անջելեսում, հայազգի ճանաչված ալտահար Քիմ Քաշքաշյանի մենանվագով: Կատարվեց նաեւ Տիգրան Մանսուրյանի «Եկեղեցական սոնատ» երկը՝ գրված ալտի եւ դաշնամուրի համար: Իբրեւ մենակատար հանդես եկավ Գոռ Հովհաննիսյանը:

Միքայել Նավասարդյանը (ձախից), Տիգրան Մանսուրյանը, Աննա Մարգարյանը, Գոռ Հովհաննիսյանն ու Արմինե Պետրոսյանը:

«Առավոտի» հետ զրույցում Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց աջակցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը, իսկ անսամբլի համար այս հոբելյանական տարում անակնկալ է մատուցել հոլանդացի լուսանկարիչ Յան Յանսենը՝ հիմնելով newcamerata.com կայքը, որտեղ ընդգրկված են նաեւ անսամբլի բոլոր համերգները: Մեր զրուցակիցն ասաց, թե քանիցս Հայաստան են այցելել անսամբլի բարեկամները: Նշեց, թե մեծ ցանկություն ունի բազմադարյա մշակութային երկիր այցելել դոկումենտալ բազմաթիվ պատմվածքների հեղինակ, բրազիլացի գրող Մարթա Ռոխան, որը նպատակ ունի իր երկերի թիվն ավելացնել հայաստանցի ոչ միայն մշակութային ճանաչված դեմքերին անդրադարձով եւս:
Անդրադառնալով «Նոր կամերատայի» հիմնադրման հոբելյանին, Գոռ Հովհաննիսյանն ընդամենն ասաց, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի աջակցությամբ այն կնշվի հունիսի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` «Նոր կամերատա» անսամբլը:

«Առավոտ»

21.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30