Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքը դիրքերում. պատերազմից երկու տարի անց

Ապրիլ 23,2018 10:58

Արցախի հարավարեւելյան՝ հայ-ադրբեջանական եւ հայ-իրանական սահմանագծին մոտ գիշեր ու զօր մարտական հերթապահություն են իրականացնում հայ դիրքապահները: Նրանցից յուրաքանչյուրն ունի այն հստակ գիտակցումը, որ իր առաքելությունն Արցախի սահմանների անառիկ պաշտպանությունն է եւ չնայած դժվարություններին, եղանակային անբարենպաստ պայմաններին՝ հայ մարտիկը շարունակում է իր ծառայությունը՝ ժամանակին իրականացնելով դիտարկումները եւ պատվով կատարելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը:

Ապրիլյան պատերազմի նահատակների ծառայակիցներն արդեն զորացրվել են, նոր զորակոչի զինվորներն են եկել վեցամսյա պարապմունքներից հետո համալրելու առաջապահ ստորաբաժանման շարքերը: Դիրքապահի պատասխանատու դերում առաջին անգամ հայտնված զինվորներն արդեն հրահանգավորված են, որ դիրքերում՝ հակառակորդի դիպուկահարի տեսադաշտում, մարտական ծառայության կարեւորագույն նախապայմանն իրենց զգոնությունն է, պատրաստվածությունը, ծառայակիցների միջեւ լիարժեք փոխվստահության մթնոլորտը եւ միմյանց օգնելու պատրաստակամությունը:
Մայր Արաքսի ափին՝ քաղաքակրթության աղմուկից հեռու, փարթամ բուսականությամբ ծածկված բնության հովտում, թթենիների, նռնենիների ու խաղողի երբեմնի բերքառատ այգիների հարակից տարածքում տեղակայված հայկական դիրքերում վերջերս ձագեր է ունեցել դիրքապահ զինվորների նապաստակը: Զինվորները խոտ են քաղում եւ կերակրում նորաթուխ ձագերին եւ մայր նապաստակին: Դիրքապահի ոչ դյուրին առօրյայում նրանք հոգատարությամբ խնամում են նաեւ վերջերս ականի պայթյունից ոտքը կորցրած դիրքապահ շանը: Դիրքի այս չորքոտանի հերթապահը սովորություն ուներ հերթափոխի ժամանակ միշտ առջեւից գնալու եւ վտանգն իր վրա վերցնելու: Այժմ նա իր խրամաբջջից հայացքի անհատակ խորությամբ հետեւում է դիրքի անցուդարձին, երբեմն ծանր շարժումներով վեր կենում ու 3 ոտքի ցատկով քայլելով փորձում շրջել դիրքի տարածքում, փորձառու հետախույզի նման զննելով տեղանքը եւ կասկածելի ոչինչ չհայտնաբերելով՝ կրկին վերադառնում իր քարքարոտ օթեւանը:

Հայկական դիրքերն անառիկ ամրոց են հիշեցնում՝ մշտարթուն պահապաններով, իսկ դիրքապահ դասակը մի մեծ ընտանիք, որտեղ միմյանց հետ հաց են կիսում, դիրքի տարածքը բարեկարգում, խաղողի վազերը մշակում, իրենք իրենց կերակուրը պատրաստում եւ անպայման հերթափոխի ծառայակիցների բաժինը պահում:
Հերթապահ կրակոցներն այս դիրքերում սովորական երեւույթ են: Բնության անդորրում երբեմն լսելի են անգամ հակառակորդի դիրքապահների բարձր խոսակցությունները:
Դեռ երկու տարի առաջ այստեղից երեւացող Վարազաթումբ (Լալայկա) կոչվող բարձունքի վրա եւ հարակից դիրքերում տեղի ունեցած արյունալի բախումների հետեւանքով զոհված քաջ մարտիկների սխրանքն իսկական ուղեցույց է այսօրվա սահմանապահ զինվորների համար:

Դիրքապահ դասակի հրամանատարը նորեկներին պատմում է, թե ինչպես ապրիլյան մի օր այն բարձունքի պաշտպանության համար, որի վրա այսօր դեռ ադրբեջանական դրոշն է ծածանվում, իրենց կյանքը զոհաբերեցին տասնութ քաջ հայորդիները:


Երկու տարի առաջ ապրիլին Ջաբրայիլի երկնակամարում նկատվեցին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, այնուհետ լայնածավալ հարձակում սկսվեց եւ գնդացրի, ականանետի, հրետանու, տանկի հարյուրավոր արկեր եւ ականներ թափվեցին հայկական դիրքերի վրա: Թշնամին, ռմբակոծելով մինչդիրքային ճանապարհները, այդպիսով կասեցրեց հայկական դիրքերի թիկունքային ապահովումը: Հայ հրետանավորները, տանկիստները եւ դիրքապահ զինվորները ժամեր շարունակ հերոսական պայքար մղեցին այս հողի համար: Լալայկա սարի հետեւում գտնվող 112 մարտական դիրքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների հետ կատաղի մարտում հերոսաբար զոհվեցին դիրքապահ զինվորները՝ սերժանտներ Ադամ Սահակյանն ու Կարեն Ներսիսյանը, շարքայիններ Ժորա Եսայանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Բարիս Օզմանյանը, Անդրանիկ Գրիգորյանը եւ նրանց օգնության հասած փոխգնդապետներ Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, Լալայկա սարի վրա տեղակայված հրամանատարական դիտակետի ավագ, սանհրահանգիչ Սաշա Գալստյանը:

Մեր հերոսները, թշնամուն պատճառելով կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստ, կասեցրին հակառակորդի ներթափանցումը դեպի մեր պաշտպանության խորք: Հենց այս դիրքերում ՀՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Նարեկ Մալխասյանը իրեն ամրակցված զենքով աննախադեպ սխրանք գործեց՝ հակատանկային նռնականետով խոցելով հակառակորդի ՄԻ-24 G ուղղաթիռը: Մոտ 30 մետր բարձրության վրա հայտնված օդային թիրախը խոցելով՝ դիրքապահ զինվորը կանխեց հարավարեւելյան դիրքերի ավերիչ ռմբակոծություններն ու անխուսափելի կորուստները:
Այդ՝ ըստ էության նախապես ծրագրավորված ռազմական լայնածավալ գործողությունները փոխեցին հայ դիրքապահների պատկերացումները: Հանկարծահաս ամպրոպի նման ժայթքած պատերազմը հավաստեց, որ մեր թշնամին երբեք չի քնում, հարկավոր է ամեն պահ աչալուրջ լինել եւ լավ պատրաստված:

Զինվորների մասնագիտական բարձր պատրաստվածության համար զորամասի մշտական տեղակայման վայրում, հրաձգարանում տեսական եւ գործնական բազմաթիվ պարապմունքներ են անցկացվում, որպեսզի դիրքապահ յուրաքանչյուր զինվոր հստակ տիրապետի իրեն կցագրված զենքի կիրառման կանոններին, քանզի մարտական գործողությունների ընթացքում զենքը զինվորի, զինվորը հայրենիքի միակ հուսալի պաշտպանն է:

Մինչ մենք տաքուկ եւ ապահով նստում ենք մեր աշխատասենյակում, երեկոյան հարմարավետ տեղավորվում էկրանի առջեւ եւ տաք թեյ վայելում, դիրքապահ հրամանատարն ու իր զինվորները, անձրեւ լինի, թե ամպրոպ, գիշեր, թե ցերեկ, զինվորական երկարաճիտք կոշիկներով, զրահաբաճկոնով ու սաղավարտով, աննկուն կամքով մարտական հերթապահություն են իրականացնում՝ ապահովելով հայոց աշխարհի խաղաղ այգաբացները։

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

21.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30