Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան.. հավաքների կազմակերպման ժամանակ պետք է խուսափել անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերն անհամաչափ սահմանափակող գործողություններից

Ապրիլ 23,2018 10:51

Ցավոք, բանակցությունները չստացվեցին:

Այս իրավիճակի հետ կապված կցանկանայի ներկայացնել իմ անձնական տեսակետը:

Նախ, պետք է նշել, որ՝

– բոլորը մեր հայրենակիցներն են.

– քաղաքացիների, այդ թվում՝ երիտասարդների միասնական ոգին չի կարելի կոտրել: Այս նույն ոգին է, որ պատերազմի ժամանակ մեզ առավելություն է տալիս և հաղթանակի մեծ հնարավորություն.

– այս կոնֆլիկտի արդյունքում պետք է հաղթողը լինի մեր երկիրը.

– հարկադրանք/ուժ կիրառելու մենաշնորհը պատկանում է պետությանը, որը կիրառելիս պետությունը կաշկանդված է մի շարք սահմանադրական և միջազգային սկզբունքներով (համաչափության, անհրաժեշտության և այլն).

– հավաքների ժամանակ, առաջ կամ հետո արձանագրվել են բռնության դեպքեր, ինչպես քաղաքացիների (այդ թվում՝ սադրիչների), այնպես էլ ոստիկանների կողմից:

Հավաքների ազատության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունք է։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է պետության պոզիտիվ պարտականությունը ապահովելու համար հավաքների ազատության իրականացումը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։

Հետևաբար, նշված հոդվածի ամենակարևոր պայմանը, դա հավաքի խաղաղ լինելն է: Եթե հավաքի կազմակերպիչները վերահսկում են իրավիճակը և թույլ չեն տալիս բռնության դեպքեր, որոնք մեծաթիվ բազմության, ինչպես նաև վերջնագրային պահանջների դեպքում շատ դժվար է ապահովել, ապա ոստիկանությունը չպետք է հարկադրանքի միջոց կիրառի:

Պետք է նկատի ունենալ նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Ուստի հավաքների կազմակերպման ժամանակ պետք է խուսափել անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերն անհամաչափ սահմանափակող գործողություններից:

Ստեղծված իրավիճակում խնդիրը կարող է լավագույն ձևով լուծվել երկխոսության ճանապարհով: Որոշ արկածախնդիր հայրենակիցներ միգուցե չեն համաձայնվի ինձ հետ և այս փակուղային իրավիճակում լուծումը կտեսնեն «առաջ» գնալու մեջ, բայց այդ ճանապարհը տանելու է բախումների, դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Կարելի է երկխոսության ճանապարհով հասնել նաև նրան, որ՝

– համընդհանուր բարեփոխումների ծրագիր հաստատվի և իրականացվի,

– այս օրերին ապօրինություն թույլ տված անձինք, այդ թվում՝ սադրանքներ հրահրած անձինք, պատասխանատվության ենթարկվեն:

Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30