«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.
Սույն թվականի ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մինչև սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի. «Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`
(…)
5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»:
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝
«1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:
2.Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»:
Նույն կոնվենցիայի 2-ին հոդվածի համաձայն՝
«Սույն Կոնվենցիայի նպատակների համար բռնությամբ անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»:
Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, և պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը»:
Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է ՀՀ քաղաքացու Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնական իրավունքները, ինչն անհամատեղելի է իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին և արժեքներին:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրամադրել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Միաժամանակ պահանջում ենք պետական մարմիններից պատասխանատվության ենթարկել մարդու և քաղաքացու վերը նշված հիմնական իրավունքների խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց: